«168 Ժամ». Այս համաձայնագիրը հարկավո՞ր է Հայաստանին, թե՞ ոչ
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ գնահատելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, ասել է. «ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ԵՄ անդամ երկրների, և մասնակի կիրարկումը՝ Հայաստանի կողմից, էականորեն դանդաղել է՝ ըստ ամենայնի Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո: Հարցն այն է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրին մաս կազմող երկրներն իրենք են թելադրում գործընթացների ռիթմը, արդյունավետությունը, երկրներն իրենք են ձևավորում համագործակցության ապագան՝ հաշվի առնելով ԵՄ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները»:
Ներկայումս, Զաշտովտի համոզմամբ, այն, ինչ տեղի է ունենում այս համաձայնագրի շուրջ, հայկական կողմի ցանկությունն է կամ ներկայիս կարողությունների վերին շեմը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք դեռ ընթանում են Հայաստանում:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է որոշ ժամանակ տա ՀՀ նոր իշխանություններին, որպեսզի նրանք մանրամասնորեն ուսումնասիրեն ներկայիս փաստաթուղթը և նաև իրենց առաջարկությունները ներկայացնեն անհրաժեշտության դեպքում:
«Բայց ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին՝ պետք է հաշվի առնեն, որ, թեկուզ դանդաղ, որոշակի աշխատանք պետք է իրականացնել գործընկերների մոտ հարցեր չառաջացնելու համար: Ներկայումս նկատելի չէ` արդյոք այս համաձայնագիրը հարկավո՞ր է Հայաստանին, թե՞ ոչ: Թեև տպավորությունը գուցե նրանից է, որ հայկական կողմը կենտրոնացած է ներքին կյանքի վրա»,- ասել է նա:
Իսկ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով, ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ ԵՄ երկրները, վավերացման հարցում չեն շտապում: Նրա խոսքով, այս տեմպով կոնկրետ այս գործընթացը բավականին կերկարաձգվի: «Բայց այստեղ մեկ այլ հարց է ծագում ինձ մոտ` արդյո՞ք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրում է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում»,- ասել է նա:
Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց