Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վիետնամի փոխվարչապետի և Գամբիայի փոխնախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին:
Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում առկա մեծ ներուժի օգտագործումը:
Վիետնամի փոխվարչապետն իր երկրի ղեկավարության անունից նախագահ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովում Գամբիային շնորհվել է դիտորդի կարգավիճակ:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ օրերս ստորագրված արձանագրությունը և համոզմունք հայտնել, որ այն խթան կդառնա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար։ Նրանք, մասնավորապես, քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր գործակցությանը, ինչպես նաև ընդհանրապես Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան