Հայկական լոբբին Վաշինգտոնում վաղուց սպառել է իրեն. Սուրեն Սարգսյան
«Վերջին շրջանում մեր տարածաշրջանում բավականին ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Դրանցից ամենակարևորն ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր Հայաստան»,- այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը։
«Խորհրդային միության փլուզումից հետո ԱՄՆ-ը փորձել է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու համար։ Եթե Խորհրդային միության փլուզման առաջին տարիներին Ռուսաստանը բավականին թույլ էր և հնարավորութուն չուներ սպասարկելու իր արտաքին քաղաքական շահերը, ապա հետո ՌԴ-ի դերն ու ազդեցությունը մեր տարածաշրջանում սկսեցին ուժեղանալ։ ԱՄՆ-ն փորձեր կատարել է և ԽՍՀՄ փլուզումից հետո, և 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո»,- հիշեցրեց բանախոսը։
Սուրեն Սարգսյանի խոսքով, Ջոն Բոլթոնը չէր թաքցնում, որ Հայաստանն ԱՄՆ-ի համար տարածաշրջանում ամենափոքր հետաքրքրություն ներկայացնող երկիրն է, իսկ ահա Վրաստանը Միացյալ նահանգների համար ռազմավարական ամենահուսալի գործընկերն է։
«Վրաստանն ավելի վստահելի և կարող գործընկեր է, ԱՄՆ-ը հույս է դնում Վրաստանի վրա։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը ոչ միայն էներգետիկ լուրջ ռեսուրսներ ունի, այլև այն պատճառով, որ այդ երկրին հաջողվել է դառնալ ԱՄՆ-ի նախագահի կողմից շուրջ մեկ տարի առաջ ներկայացված Աֆղանստանի ռազմավարության մեջ իր ուրույն տեղն ունեցող մի պետություն։ Ամերիկյան զենքը գնում է Ադրբեջան, այնուհետ՝ Աֆղանստան։ Բացի դրանից՝ ադրբեջանական լոբբինգը սկսել է բավականին ակտիվ աշխատել Վաշինգտոնում և լուրջ ձեռքբերումներ ունի»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ դրան հակառակ՝ հայկական լոբբին Վաշինգտոնում վաղուց սպառել է իրեն։
Սարգսյանի խոսքով, Ադրբեջանն ըստ էության, միակ երկիրն է, որ կկարողանա ԱՄՆ-ից զենք ձեռք բերել, ինչը, օրինակ, Հայաստանի համար բավականին թանկ կլինի։
Վերջում միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց, որ Իրանի և Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները զգալի բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա՝ ուղղակիորեն հարվածելով դրան։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան