Իսկ ո՞վ ասեց, որ մենք ընդդիմություն չենք, երդումներ ուտելու անհրաժեշտություն չկա. Զոհրաբյան
«Իսկ ո՞վ ասեց, որ մենք ընդդիմություն չենք։ Ընդդիմությունը հայտարարելով չէ, ընդդիմությունը քաղաքական առկա իրողություններով և ընտրությունների արդյունքներով է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարում։
«Եվս մեկ անգամ հայտարարություն անելու անհրաժեշտություն չկա։ Որևէ քաղաքական ուժ, որն իշխանության մեջ չէ, բնականաբար ընդդիմություն է։ Սա քաղաքական պարզ աքսիոմ է և երդումներ ուտելու, հայտարարություններ անելու կամ Ավետարանի վրա երդվելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահների ընտրության հարցին՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ սա իշխանության համակրանքի կամ հակակրանքի արդյունքը չէ, այլ սահմանված է ընդդիմության մասին օրենքով և Դոնթի բանաձևով, որը ենթադրում է, որ խորհրդարանի ղեկավար կազմում պետք է լինի նաև ըդդիմադիր գործիչ։
«Սա որևէ մեկի արտոնությունը չէ, որևէ մեկի կողմից բարեգործական ակցիա չէ, սա հստակ օրենք է, որը կարգավորվում է Սահմանադրությամբ։ Մենք որևէ բանով կաշկանդված չենք լինելու կոշտ քննադատելու իշխանությանը, եթե տեսնենք ձախողում կամ շեղում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է բացակայել ԱԺ նիստերից, Զոհրաբյանը պատասխանեց՝ նա անպայման լինելու է խորհրդարանում։
Անդրադառնալով այսօր խորհրդարանում ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև միջադեպին՝ խորհրդարանականը նշեց, որ օրենսդիրում բոլոր գործընթացները պետք լինեն կոռեկտության սահմաններում։
«Մենք երբեք որևէ մեկի անձնական տիրույթ չենք մտնելու, երբեք չենք փորձելու անձնական թիրախներ ընտրել, բայց երբ կլինեն նման նախադեպեր, պատասխան անպայման լինելու է։ Մենք հակված չենք լարվածությունը խորացնելու։ Մենք եկել ենք աշխատելու, բայց եթե մեր գործընկերները մեզ մղեն բանավեճի դաշտ, մենք որևէ բանավեճից չենք փախչելու։ Լարվածության հրահրողը մենք չենք։ Ես տպավորություն ունեմ, որ «Լուսավոր Հայաստանը» որպես թիրախ ընտրել է «Բարգավաճ Հայաստանին» և ոչ թե «Իմ քայլին»»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքային փոփոխություններին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քանի դեռ փաստաթուղթը խորհրդարան չի եկել, ինքը որ մի բան ասել չի կարող։ Նա միաժամանկ նշեց, որ ցավ է ապրում հատկապես Մշակույթի նախարարության կրճատման համար։
«Ուղղակի հասկանում եմ, որ մշակույթի նախկին գրեթե բոլոր նախարարները միգուցե չեն կարողացել ճիշտ կազմակերպել աշխատանքը, և մշակույթի նախարարի աշխատանքը վերածվել է այս կամ այն հանգուցյալ մտավորականի «պանիխիդայի» մենյուն կազմելով»,- նշեց պատգամավորը։
Վերջում նա նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է 7-րդ գումարման ԱԺ-ի քննարկումներից և նորընտիր պատգամավորների պատրաստվածության մակարդակից։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Պիտի փորձենք չգոռալ, չճվալ տեղից, ես էլ եմ ինձ զսպելու
- Վիճաբանություն ԱԺ-ում. ԲՀԿ-ականը հունից հանեց Մարուքյանին
- Ես ժողովրդի ձայնն եմ բերելու խորհրդարան. Վահե Էնֆիաջյան
- Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ փոխնախագահներ