Արդյոք անհրաժե՞շտ է մարզպետարանների հսկայական աշխատակազմ պահել. փորձագետ
«Հանրային ֆինանսների արդյունավետ օգտագործումը շատ կարևոր է։ Դրանք պետք է ուղղվեն այն նպատակներին, որոնք սահմանվել են։ Հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության վրա լուրջ ուշադրություն է դարձնում նաև դոնոր հանրությունը՝ բացառելու կոռուպցիոն հետևանքները։ Իսկ կոռուպցիոն գործընթացներ, օրինակ, տեղի են ունենում պետական գնումների շրջանակներում կամ բյուջետային միջոցներն օգտագործելիս»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, հանրային ֆինանսների կառավարման հարցերով միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը:
«Այս կառավարության առջև խնդիր է դրված միջոցներ ձեռնարկել հանրային միջոցներն արդյունավետ օգտագործելու համար։ 2019 թվականի բյուջեն արդեն իսկ կազմված է ծրագրային բյուջետավորման ձևաչափով, որը նախատեսում է ծախս կատարելուց հետո հաշվետվություն ներկայացնել՝ արդյունքներն ինչպիսին են եղել։ Այսինքն՝ շատ կարևոր են արդյունքային ցուցանիշները, որոնք մտցված են այս բյուջեի մեջ»,- ասաց բանախոսը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր նամակներ է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին առ այն, որ հանրային միջոցների վրա պետք է հստակ վերահսկողություն սահմանվի։
«Մենք պահանջում ենք, որ հանրային միջոցների ծախսման արդյունավետության վերահսկողությունն իրականացվի քաղհասարակության կազմակերպությունների միջոցով»,- շեշտեց հանրային ֆինանսների կառավարման հարցերով միջազգային փորձագետը։
Անդրադառնալով պետական մի շարք պաշտոնյաներին պարգևավճարներ տալու թեմային՝ Մովսես Արիստակեսյանը հարց ուղղեց՝ արդյոք անհրաժե՞շտ է մարզպետարանների հսկայական աշխատակազմ պահել։
«Պետք է օպտիմալացնել մարզպետարանների թվաքանակը կամ էլ մտածել կառավարման այդ համակարգը վերակազմավորելու մասին»,- ասաց նա՝ շատ ճիշտ որակելով նաև որոշ նախարարությունների կրճատման հանգամանքը։
Արիստակեսյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է կառավարման 52 մարմին՝ այդ թվում կառավարությանն առընթեր կոմիտեներ, որոնցից որոշները ևս պետք է վերակազմավորել։
Հարակից հրապարակումներ`
- Պարգևավճարների գորդյան թնջուկը
- Ո՞ւմ ենք պարգևավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքում լայքողների՞ն. վերլուծաբան
- «Ժողովուրդ». Որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները
- Բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարները, այն էլ այդքան կարճ ժամանակ աշխատելով, ընդունելի չէ. Սամսոնյան
- «Իմ քայլը»-ում մարզպետների պարգևավճարների մասին հարցը չեն քննարկել
- Փաշինյան. Օպտիմալացման խնդիրը փող խնայելը չէ
- Փաշինյան. Ակնհայտ է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է
- «Ժողովուրդ». Կադրային կրճատումների պատճառով միլիարդավոր գումարների տնտեսում կարվի