Երևանի «ամենայուղոտ» հողատարածքները շատ ցածր գներով գնվել են կոնկրետ թաղապետերի կողմից. քաղաքապետ
«Բյուջեով նախատեսված են միջոցներ Երևանի վերելակների վերանորոգման համար, բայց դրանք փոխելու հարցը պետք է լինի համալիր և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ նոր վերելակների համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ուստի դրա համար փորձում են մասնավորի հետ համագործակցել. «Այլապես, եթե պետությունը ունենար փող, կարելի էր դա տրամադրել և սկսել պրոցեսը, բայց քանի որ չենք ուզում պետական արտաքին պարտքը մեծացնել, փորձում ենք այլ լուծումներ գտնել»:
Անդրադառնալով հողատարածքների սեփականաշնորհմանը՝ քաղաքապետն ասաց, որ յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ՝ «ամենայուղոտ» տարածքները, որոնք շատ ցածր գներով գնվել են կոնկրետ թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից:
«Ցավոք սրտի, իրենք սեփականության վկայականներ ունեն: Այսօր կան ծրագրեր, որ ուզում ենք իրականացնել, բայց այդ հանգամանքը խանգարում է: Մենք բանակցում ենք այդ մարդկանց հետ, եթե մեզ ինչ-որ հողակտոր պետք է մի ծրագրի իրականացման համար, այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հողատարածք ուրիշ տեղում տանք»,- ընդգծեց քաղաքապաետը:
Ցավալին, ըստ նրա, այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ. «Դա ամենադաժանն է, և այդ այգիների տարածքում մարդիկ փորձում են ինչ-որ շինարարություն անել, դիմում են քաղաքապետարան, որպեսզի շինթույտվություն ստանան, բնականաբար, մերժում ենք: Նոր Նորքի, Դավթաշենի, գրեթե բոլոր այգիներում կան սեփականաշնորհված հողեր: Մարդիկ խելացի են գտնվել, այդ հողերն իրենց անուններով չեն, այլ բարեկամների, ընկերների և այլն»:
Հարցին, թե արդյոք դիմել են սեփականատերերին կամավոր վերադարձնել այդ հողերը, Հայկ Մարությանն ասաց, որ դատախազության հետ համատեղ այդ ուղղությամբ աշխատում են. «Մենք սկսել ենք այգիներից, այս պահին գույքագրում ենք այգիները և դատախազության հետ համատեղ տեսնում ենք, թե ինչ հիմքերով են վաճառվել տարածքները, և կտեսնենք արդյունքները»:
Հիշեցնենք, որ մարտի 19-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախկին պաշտոնյաները ծիծաղելի գներով սեփականաշնորհել են Մեղրու ազատ տնտեսական գոտու հողերը: Նա հիշեցրել էր, որ նախորդ տարի այցելել է Մեղրու ազատ տնտեսական գոտի և տեղում արձանագրել է, որ այդ գոտին ընդհանրապես հողատարածք չունի: Ըստ վարչապետի՝ դրանից հետո սկսել են տվյալ հարցով զբաղվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին