Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակում Օգանեսոնը կներկայացնի Սոֆիյա Այդինյանը
Այն, որ Հայաստանը գիտության ոլորտում իր ներուժով կարող է ներկայանալ զարգացած երկրների կողքին ու մրցակցել նրանց հետ, բազմիցս է ապացուցվել։ Հայազգի վաստակավոր գիտնականների կողքին այսօր մեր երկիրը գիտական աշխարհին են ներկայացնում երիտասարդները։
Հուլիսի 5-12-ը, Փարիզում տեղի կունենա Գլխավոր ասամբլեայի 50-րդ և IUPAC-ի՝ Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսը (50th General Assembly and 47th IUPAC World Chemistry Congress) նվիրված Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության 100 և Դ.Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 150-ամյակին:
Համաշխարհային քիմիական կոնգրեսի և IUPAC- ի Գլխավոր ասամբլեայի կողմից պարգևատրվելու են 118 երիտասարդ քիմիկոսներ ամբողջ աշխարհից, ում աշխատանքները ներառում է IUPAC- ի առաքելությունն ու հիմնական արժեքները: Հայաստանը Կոնգրեսում կներկայացնի և IUPAC-ի վկայագրի կարժանանա ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆիյա Այդինյանը։
Panorama.am-ը զրուցեց երիտասարդ գիտնականի հետ և մանրամասներ պարզեց սպասվող միջոցառումից:
«Այս բացառիկ 100-րդ համագումարի կապակցությամբ և IUPAC- ի ունիվերսալությունն ընդգծելու համար Կոնգրեսը հյուրընկալելու է ոչ միայն ամբողջ աշխարհի քիմիկոսներին, այլև հատկապես խրախուսելու է և գիտության և արդյունաբերության ոլորտի գիտնականների մասնակցությունը: IUPAC-ի 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսը ընթանալու է հետևյալ կարգախոսով՝ Առաջատարները քիմիայում. Եկեք ստեղծենք մեր ապագան. 100 տարի IUPAC-ի հետ (Frontiers in Chemistry: Let’s create our future! 100 years with IUPAC)։ Կոնգրեսը նշանավորվում է նրանով, որ Պարբերական աղյուսակի Միջազգային տարվա առթիվ IUPAC- ը և Երիտասարդ քիմիկոսների միջազգային նեթվորքը՝ IYCN- ը հայտարարել են Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակի ստեղծման մասին:
Արդյունքում պարբերական աղյուսակը կանդրադառնա երիտասարդ քիմիկոսների կարիերային և ստեղծագործական կյանքին: Հաղթողները կստանան IUPAC-ի վկայագիր»,- մանրամասներ ներկայացրեց մեր զրուցակիցը։
Այդինյանը նշեց, որ աղյուսակը լրացվել է ըստ քիմիական տարերրի հայտնաբերման ժամանակագրության, յուրաքանչյուր ամիս հայտարարվել է աղյուսակը ներկայացնող 10 երիտասարդ քիմիկոսների անունները. «Վերջինները կհայտարարվեն հուլիս ամսին Համաշխարհային քիմիական կոնգրեսի և IUPAC-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ Փարիզում: Մենդելեևի աղյուսակի յոթերորդ պարբերությունը այժմ եզրափակում է Օգանեսոնը, 2016 թվականի նոյեմբերի 28-ին 118-րդ տարրի ժամանակավոր համակարգային անվանումը «ունունոկտիում»-ը և ժամանակավոր նշանակումը՝ Uuo, փոխվեց հիմնական անունով՝ Օգանեսոն և նշանակումը՝ Og՝ հայազգի ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին»։
Եվ ահա, Օգանեսոնը Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակում ներկայացնելու է Սոֆիյա Այդինյանը: Սոֆիյան զբաղվում է այրման ռեժում կեղծ համաձուլվածքների, կերամիկական կոմպոզիցիոն նյութերի, կենսահամատեղելի համաձուլվածքների և տարբեր դժվարահալ անօրգանական նյութերի սինթեզով ու դրանց կոմպատկավորմամբ՝ ադիտիվային տեխնոլոգիաների (3D printing) օգնությամբ:
Նշենք նաև, որ Սոֆիյային Օգանեսոնը ներկայացնելու համար առաջադրել է ինքը՝ Յուրի Օգանեսյանը, ով ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավարն է, ՌԴ ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Այստեղ նստող շատ կա, աշխատող չկա. Յուրի Հովհաննիսյան
- Յուրի Օգանեսյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել
- ՀՀ նախագահն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին
- Ինչո՞ւ չգնացիր երազանքիդ հետևից
- Հայ գիտնականի հայտնաբերած տարրը պաշտոնապես ընդգրկվեց Մենդելեևի աղյուսակում
- Մենդելեևի պարբերական աղյուսակի չորս նոր տարրերից մեկը կանվանակոչվի ի պատիվ հայազգի գիտնականի
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը