«Վեոլիա Ջուր» ընկերությունից «մուննաթ են եկել» Փոքր Վեդիի բնակչի վրա
Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում արդեն մեկ ամիս է ջուր չկա։ Panorama.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Գալուստ Բաղդասարյանն ասաց, որ մեկ ամիս է անգամ մեկ բաժակ ջուր չի եկել։
«Դիմել ենք գյուղապետին, ընթացք չի տրվել, մարզպետարանից աշխատակիցը եկել է, հետաքրքրվել, կրկին ընթացք չի ստացել։ Դիմել եմ «Վեոլիա Ջուր» ընկերությանը, մունաթ են եկել վրաս, ասել են՝ գնա, երկու օր սպասի, ջուր կունենաք։ Մեկ շաբաթ առաջ էր, դրանից հետո էլի չկա։ Զինվորական եմ, պոստ եմ բարձրանում, իջնում, ուզում եմ տանը լողանալ, ջուր չկա, անհնար է այսպես»,- պատմեց Փոքր Վեդի գյուղի բնակիչը։
Նա նշեց, որ «Վեոլիա Ջրից» որևէ պատճառ չեն բերում, ասում են՝ «ջուր ուղարկում ենք, ձեր աշխատակիցը ջուր չի տալիս»։
«Բայց այդ աշխատակիցն էլ իրենք են տվել, որ ջուր բաժանի, ջուր տա։ Հետևողական չեն աշխատում, այսինքն պետք է բացեն, որ ջուր գա, չեն բացում։ Երկու ամիս առաջ լավ էր, ամեն օր գալիս էր»,- ասաց Գ. Բաղդասարյանը։
Այս մեկ ամիս է, նրա խոսքով, ջուրը գնում են, հարակից գյուղերից են բերում։
Նա նշեց, որ հարևան գյուղերում վիճակը նորմալ է, երբեմն նաև հենց իրենց՝ Փոքր Վեդի գյուղի նույն փողոցի մի տանը կարող է ջուր լինել, դիմացը տանը՝ չլինել։
«Ասում եմ հավաքվենք, բողոքենք միասին, ճանապարհ փակենք, սակայն չեն հավաքվում»,- ասաց Գ. Բաղդասարյանը։
Նա նշեց, որ այսօր կրկին պետք է գնա մարզպետարան, տեղյակ պահի, եթե հարցը չլուծվի, դատի է տալու, ընկերության հետ կնքած պայմանագրով նման իրավունք ունի։
Նշենք, որ այսօր «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի հարևանությամբ կառուցվող նոր Օրվա կարգավորիչ ջրամբարի՝ հին, գործող ջրամբարի հետ փոխմիացումների իրականացման, ինչպես նաև Նոր Ուղի, Փոքր Վեդի, Լուսառատ գյուղերը սնող ջրատարի վթարային հատվածի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, առաջիկա ամիսներին Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերում հնարավոր է դիտարկվեն շեղումներ նախապես հայտարարված ժամային գրաֆիկից։
Գ. Բաղդասարյանի խոսքով, երբ դիմում են ընկեությանը, ասում են վթար է, բայց երբեք չեն տեսնում, որ վերանորոգեն։
Հարակից հրապարակումներ`
- Դիլիջանցու պղտոր ջուրն ու «Վեոլիա»-ի 10 հազար եվրոյի բարեգործությունը
- «Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 10 մլն դրամով
- «Վեոլիա Ջուր»-ը բողոքարկելու է ՏՄՊՊՀ որոշումը
- «Վեոլիա ջուրը» հերքում է Վանաձորում 4 օր ջուր չլինելու մասին լուրերը
- ՀԾԿՀ-ն «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն դրամով
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ