Արայիկ Հարությունյան. «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով
2020թ.-ին Արցախում սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով կուսակցական երիտասարդական ճամբարում իր ունեցած հանդիպմանը։
«Իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես կարևորել եմ որակյալ կրթությամբ երիտասարդ կադրերի դերակատարությունը: Սա չի նշանակում, որ թերագնահատում եմ փորձառու և արհեստավարժ մասնագետների դերը, բայց միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ պետության դինամիկ զարգացման համար մշտապես անհրաժեշտ են նոր և կրեատիվ մտածողությամբ երիտասարդ կադրեր:
Այս իմաստով տեղին եմ համարում մեկ անգամ ևս նշել, որ 2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը»,-մասնավորապես նշել է նա։