Հոֆմանի երկուհարյուրամյա հերոսը՝ Ազգային գրադարանի «հյուրասրահում»
«Երբ Պրոսպեր Ալպանուսը գիրքը բացեց, բարեկամները տեսան մի ամբողջ շարք խնամքով նկարազարդված մանրաքանդակներ, որոնք ներկայացնում էին ամենաարտասովոր, ամենաանճոռնի, ամենաբութ դեմքերով մարդուկներ, որպիսիք միայն կարելի էր երևակայել: Սակայն հազիվ էր Պրոսպերը ձեռքը կպցրել թղթի վրա պատկերված մարդուկներից մեկին, երբ նա կենդանություն առավ, գրքի էջից թռավ մարմարյա սեղանի վրա…»: Հոֆման, «Գաճաճ Ցախես՝ անվանյալ Ցիննոբեր»
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի ցուցասրահներից մեկում ևս կենդանացել էին Հոֆմանի «Գաճաճ Ցախեսի» հերոսները՝ «մի ամբողջ շարք խնամքով նկարազարդված պատկերներ՝ զզվելի, անճոռնի, շագանակադեղնավուն հրեշներ»: Սրահում տարածվել էին Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայի հնչյունները, այնուհետև Հոֆմանի հեքիաթների մոտիվներով Միխայիլ Շեմյակինի՝ 2018-ին նկարահանած «Հոֆմանիադա» անիմացիոն ֆիլմն էր կինոդահլիճի էկրանին:
Ազգային գրադարանից տեղեկացնում են, որ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին կազմակերպված միջոցառումը գերմանացի մեծանուն գերմանացի գրող, երգահան, բեմանկարիչ, երաժշտական քննադատ, նկարիչ Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Գաճաճ Ցախես, անվանյալ Ցիննոբեր» ֆանտաստիկ նովելի տպագրության 200-ամյակին էր նվիրված: Նկարազարդումների ցուցադրությունն իրականացավ Ազգային գրադարանի և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի համագործակցության արդյունքում: Նկարազարդումների հեղինակը քոլեջի սաներն են: Ցուցադրված են նաև Հոֆմանի՝ Ազգային գրադարանում պահվող ստեղծագործությունները:
Հոֆմանն իր գաճաճ հերոսի պատմությանն անելիս նշում է. «Օ, իմ թանկագին ընթերցող, դու արդեն նկատեցիր, որ կարելի է մեծ գիտնական լինել, բայց չհասկանալ կյանքի ամենատարրական երևույթները և ամբողջ աշխարհին հայտնի բաների մասին խիստ տարբերվող պատկերացում ունենալ»:
«Հոֆմանը երևակայության համար անսպառ նյութ է տալիս, շատ-շատ հայտնի նկարազարդողներ են դիմել նրա ստեղծագործություններին, և ես մտածեցի Թերլեմեզյանի անվան քոլեջի ուսանողներին առաջարկել նկարազարդումներ անել Ցախեսի թեմայով…»,- ցուցադրության բացման խոսքում նշեց Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը՝ ավելացնելով, որ արվեստի բոլոր ճյուղերը պետք է ներկայացված լինեն գրադարանում:
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվետի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ազգային գրադարանին գեղեցիկ նախաձեռնության համար՝ նշելով, որ ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու հոֆմանյան հրաշալի աշխարհի հետ, հասու լինելու նրա կենսափիլիսոփայությանը:
Հայաստանի ազգային գրադարանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների տասնօրյակը շարունակվում է: Մինչև հոկտեմբերի 6-ը կանցկացվեն բազմանույթ ցուցադրություններ, եվրոպացի հանրահայտ արվեստագետների մասին էկրանացումների դիտումներ և այլն: Հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում կբացվի ֆրանսիական գրականության անկյուն:
Նկարազարդումների ու Հոֆմանի գրականության ցուցադրությունը բաց է մեկ շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
- Թագավոր, պալատականներ և մունետիկներ. Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացումը
- Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կմասնակցի Եվրոպական ժառանգության օրերին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին