Ձմեռային զորակոչն այս տարի ավելի շուտ կսկսվի
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը։
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ այս տարի որոշվել է զորակոչը սկսել մի փոքր ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ին՝ հաշվի առնելով այն, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ տեղի չի ունենում՝ կապված ոչ աշխատանքային օրերի հետ: Իսկ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 14-ից:
Նա նշեց, որ նախագծով սահմանվում է նաև զորակոչային հանրապետական հանձնաժողովի կազմը, ինչպես նաև՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը:
Գաբրիել Բալայանն ասաց, որ այս տարի ևս մեկ նորություն ունեն. «Առաջարկել ենք և շնորհակալ ենք առողջապահության նախարարության մեր գործընկերներից, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը նախագահելու է ոչ թե զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով կառավարության նիստի մեկնարկի ժամանակ բարձրացրած հարցին՝ ասաց, որ իրենք նախագծի երրրոդ հավելվածի՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմի հետ կապված մտահոգություն ունեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց որոշումն ընդունել առանց այդ հավելվածի, իսկ երբ հանձնաժողովի անհատական կազմի հետ կապված համաձայնություն ձեռք բերվի, ապա դրանից հետո որոշումն ուժի մեջ կմտնի։
Գաբրիել Բալայանն ասաց, որ մինչև վարչապետի ստորագրման ներկայացնելը կաշխատեն և նոր տարբերակը կներկայացնեն:
Նշենք, որ որոշման նախագծի համաձայն, զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2019 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց