Ես չհասկացա ձեր թեժացնելու կիրքը. Մխիթար Հայրապետյանը՝ Միքայել Մելքումյանին
Ազգային ժողովում այսօր էլ կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։
Դրանով առաջարկվում էր, որ ԱԺ նախագահը կարողանա առանց վարչապետի հրավերի մասնակցել ԱԱԽ նիստերին։
«Իմ քայլը» խմբակցությանը դուր չեկավ, որ ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին փաթեթին, դրանից հետո սկսվեց բուռն քննարկումները։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն իրենք են ներկայացրել։
«Դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել, դա ձեր իրավունքն է»,- ասաց նա։
Անդրադառնալով Միքայել Մելքումյանի ելույթին՝ ասաց, որ իր համար անհասկանալի էր նրա վրդովմունքի պատճառը։
«Ձեզ ոչ ոք ցուցում չէր տալիս։ Հնչեց քաղաքական հայտարարություն (խմբ. նկատի ունի Վլադիմիր Վարդանյանի ելույթը), որ հիմնավորումները բավարար չեն, որպեսզի ամբողջությամբ հասկանալի լիներ ձեր դիրքորոշումը։ Այսինքն՝ ինչ իմաստ ունի գալ ու բարձր տոնայնությամբ ելույթ ունենալ։ Նորմալ կառուցողական ելույթ էր, ես չհասկացա ձեր թեժացնելու կիրքն ու միտումը»,- նշեց Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ երեք խմբակցությունները, կարծես թե, մի գաղափարի՝ պառլամենտարիզմի դերի բարձրացման շուրջ, ունեն հստակ կոնսենսուս։
«Հիմա հարց եմ տալիս՝ այս օրենքով մենք բարձրացնում էինք պառլամենտի դերը, թե՞ նսեմացնում։ Մի կողմ դնենք այն, որ առաջարկների մի մասը ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել։ Այս օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահն արդեն ոչ վարչապետի հրավերով, այլ օրենքով սահմանված կարգով պիտի գնար և մասնակցեր ԱԱԽ նիստերին։ Սա բարձրացնո՞ւմ էր խորրդարանի դերը և կշիռը, թե՞ ոչ։ Եվ, հետևաբար, հարց եմ տալիս՝ այսօր երկու ֆրակցիաները քվեարկեցին, որ խորհրդարանի դերը բարձրանա՞, թե՞ նսեմանա»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց Մխիթար Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ական պատգամավորը «Իմ քայլ»-ականին վստահեցնում է՝ «Մենք մնալու ենք հաստատ»
- ԱԽ նիստերին ԱԺ նախագահին մասնակցելու իրավունք տալու մասին օրինագիծը չընդունվեց
- Պատգամավորն առաջարկում է ԱԺ նախագահին իրավունք տալ մասնակցելու ԱԽ նիստերին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին