Գոռ Հովհաննիսյան. Գոյություն չունի պետության թույլ տված սխալը կրկնելու պահանջի իրավունք
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը, որ Գերմանիայում աշխատանքի երկարամյա փորձ ունի, ընդգծում է՝ չկա հավասարություն անօրինականության մեջ։
«Այսօր ուզում եմ խոսել հավասարության սկզբունքի վերաբերյալ մի սխալ պատկերացման մասին։
Հաճախ մարդիկ հավասարության սկզբունքի վկայակոչմամբ պետությունից պահանջում են ճիշտ նույնպիսի վերաբերմունք, որին արժանացել է մեկ ուրիշն անիրավացի կերպով։ Նման պահանջները սովորաբար հանդես են գալիս երկու ձևով։
Մի դեպքում անձը պահանջում է մի որոշակի արտոնություն այն հիմնավորմամբ, որ մեկ ուրիշը, անգամ եթե անիրավացիորեն, նույնպես ստացել է այդ արտոնությունը։ Մեկ այլ դեպքում մարդիկ պահանջում են, որ պետությունը ձեռնպահ մնա հակաիրավական արարքի համար սանկցիաներ կիրառելուց այն պատճառաբանությամբ, որ մեկ ուրիշի նկատմամբ այդ սանկցիաները, անգամ եթե անիրավացի կերպով, նույնպես չեն կիրառվել։
Գործող հայկական իրավունքում բացառվում է հավասարությունն անօրինականության հարցում։ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՍԽԱԼԸ ԿՐԿՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔ։
Հիմնավորումը․
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդված 1-ին մաս
Անօրինականության հարցում հավասարությունն արգելվում է, նախ, օրինականության սկզբունքով։ Եթե գոյություն ունենար անօրինականության մեջ հավասար վերաբերմունք պահանջելու իրավունք, ապա պետության համար կդժվարանար կամ անհնար կդառնար վերադարձը օրինականության դաշտ։ Չէ որ այդ դեպքում պետությունը պարտավոր կլիներ անընդհատ կրկնել իր անօրինական գործողությունները։
ՀՀ Սահմանարության 28-րդ հոդված
28-րդ հոդվածի բառացի տեքստը երաշխավորում է հավասարություն ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ։ Եթե այն երաշխավորեր նաև հավասարություն անօրինականության մեջ, ապա նորմի տեքստը պիտի պարունակեր «ՀԱԿԱՌԱԿ ՕՐԵՆՔԻ» ձևակերպումը։ Չէ որ հավասարությունն անօրինականության մեջ այլ բան չէ, քան հավասարություն հակառակ օրենքի։
ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդված 1-ին մաս, 164-րդ հոդ․ված 1-ին մաս
Դատավորը կաշկանդված է օրենքով։ Եթե գոյություն ունենար հավասարություն անօրինականության մեջ, ապա դատավորը կաշկանդված կլիներ գործադիր իշխանության փաստացի գործողություններով։ Դա կլիներ ՀՀ Սահմ․ 162-րդ հոդ․ 1-ին մասի և 164-րդ հոդ․ 1-ին մասի խախտում։
Մի՞թե հրաշալի չէ իրավագիտությունը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ չի կարող ժողովուրդն անձամբ որևէ հարց լուծել, շատ պարզ՝ Սահմանադրությունն արգելում է. Գոռ Հովհաննիսյան
- Գոռ Հովհաննիսյան. Անձեռնմխելիությունից օգտվող անձինք չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին