Վարչապետի հանդիպումները՝ Մյունխենում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների հետ: Վարչապետը նախ հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, ապա Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիկոլ Փաշինյանը և Բոյկո Բորիսովը քննարկել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էնեգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:
Կողմերը պայմանավորվել են հանձնարարել կառավարությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քննարկել նշված ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարները և նախապատրաստել կոնկրետ ծրագրեր:
Բոյկո Բորիսովը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Բուլղարիա, ինչը սիրով ընդունվել է: Նրանք վստահություն են հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին բոլոր ոլորտներում:
Հայաստանի վարչապետը և Լատվիայի նախագահն անդրադարձել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի, խոսել Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման մասին: Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցն անդրադարձել են նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և այդ ուղղությամբ համագործակցությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են համարել կառավարությունների միջև ակտիվ գործակցությունն ու կոնկրետ ծրագրերի քննարկումը:
Ընդգծելով ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը` Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանմանը, այդ համատեքստում նաև երկկողմ ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերը և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Քուվեյթի բիզնեսի` հայկական շուկա ներգրավմամբ ու ընդգծել, որ դա հնարավորություն կտա ներդրողներին մուտք գործել նաև Եվրասիական տնտեսական միության շուկա:
Հայաստանի և Քուվեյթի վարչապետներն անհրաժեշտ են համարել գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը և պայմանավորվել հանձնարարել կառավարությունների պատասխանատուներին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Զրուցակիցները կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, ինչը կնպաստի հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ վարչապետին. Կան մի շարք մտահոգություններ
- Փաշինյանն ու Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը քննարկել են տնտեսական փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին