Վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ կգումարվի ժողով
Մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
«Նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի և դրա կապակցությամբ ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղվելիք բազում հարցումները՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը:
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»: Թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ:
Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին:
Տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:
Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։
Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ և չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու և բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները»,- նշված է Վահրամ քահանա Մելիքյանի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը ՀՀ-ում՝ ժամանակագրություն
- Կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխայի 27 դասընկերները մեկուսացվել են
- 15.03.2020. Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 23 դեպք
- ԱՆ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
- Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից
- 14.03.2020. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի
- Նիկոլ Փաշինյանի և կնոջ կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են
- Նախարար. Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին
- Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը՝ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց