«Իմ քայլի» պատգամավորներն իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները հետ կանչեցին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Մխիթար Հայրապետյանը ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Կողմ քվերակեց 79 պատգամավոր, դեմ՝ 17։
ԱԺ-ն ընդունեց նաև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ընդերքի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, իրակարգում ընդգրված այլ նախագծեր։
Սակայն Ազգային ժողովը դեմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված երկու օրենսդրական նախաձեռնությանը։ Խոսքը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված լրացումների մասին օրինագծի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է։
ԱԺ պատգամավորներ Հայկ Գևորգյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում էր ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
Նախքան քվեարկությունը՝ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագիծը նպատակ էր հետապնդում արտակարգ դրության ժամանակ ԱԺ բնականոն գործունեության ապահովման համար համապատասխան երաշխիքներ ստեղծելը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն երկարացնելու մասին որոշումն ԱԺ-ում ներկայացնելիս պարետը նշել էր, որ օրենսդրական համապատասխան փոփոխություններ պետք է տանենք, որպեսզի արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում կարողանանք հետագա համաճարակային վերահսկողությունն իրականացնենք, կարող է այս օրենքի ընդունումից հետո խնդիր ունենանք, որ օրենքը ժամանակավրեպ դառնա։ Ելնելով սրանից՝ առաջարկում ենք, որպեսզի դեմ քվեարկենք այս նախագծին, վերադարձնենք առաջին ընթերցումից հետո ներկայացվող գրավոր առաջարկությունների փուլ, լրամշակենք, որպեսզի համապատասխանի այն իրավիճակին, որը թույլ կտա արտակարգ իրավիճակների ռեժիմում արդեն իրականացնել մեր բնական գործունեությունը»։
Նախքան «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քվեարկությունը, այն ներկայացրած ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նույնպես հայտարարեց, որ դեմ քվեարկեն նախագծին, որից հետո հնարավորություն կլինի վերադարձնել առաջին ընթերցումից հետո առաջարկությունների փուլ։
Հարակից հրապարակումներ`
- Մարտական կիրառումը ցույց տվեց՝ որոշ զինատեսակների գծով կարող ենք սկսել սերիական արտադրություն. Կարապետյան
- «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միջազգային փորձաքննության չի ուղարկվել ժամանակի սղության պատճառով. Թևոսյան
- Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան
- Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան