Ինքնավնասման դիմած դատապարտյալը տեղափոխվել է բուժզննության
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանը, ով դիմել է ինքնավնասման, հուլիսի 22-ին քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»` բուժզննության։
ԱՆ ՔԿԾ-ից նաև մանրամասնում են, որ ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայկ Գալստյանը խարդախությունների և այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված է եղել, ներկայում 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի և այլ հանցանքների համար է մեղադրվում։
Ծառայությունից հայտնում են, որ հետազոտության արդյունքներով Հ. Գալստյանի մոտ արձանագրվել են առողջության հետ կապված խնդիրներ, որպիսիք վերացնելու համար անհետաձգելի միջամտության անհրաժեշտություն չի եղել, ինչի պատճառով նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ հետագա բուժօգնությունը սահմանված ընթացակարգով կազմակերպելու նպատակով։
«Իրեն հիվանդանոցում չպահելը ենթադրաբար պայմանավորելով քրեակատարողական ծառայողների կողմից բուժանձնակազմի նկատմամբ կիրառված ճնշմամբ` Հայկ Գալստյանը, շանտաժային-դեմոնստրատիվ շարժառիթից ելնելով, քրեակատարողական հիմնարկում կարել է աչքերի կոպերը, միաժամանակ հիմնարկի տաքսաֆոնից զանգահարել լրատվամիջոցներից մեկին և ՔԿՀ-ի պետին ու մյուս քրեակատարողական ծառայողներին վերագրել ենթադրյալ չարաշահման դեպքեր։
Նույն օրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարությամբ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Հարությունյանի գլխավորությամբ կազմակերպվել է դատապարտյալի անձնական ընդունելություն, որի ընթացքում վերջինիս սպառիչ պարզաբանումներ են ներկայացվել բժշկական օգնության ընթացակարգերի մասին, միաժամանակ նրան առաջարկվել է ներկայացնել պաշտոնատար անձանց չարաշահումների վերաբերյալ իրեն հայտնի բոլոր փաստական տվյալները։
Հայկ Գալստյանը հանգամանալից պարզաբանել է ինչպես ինքնավնասման, այնպես էլ քրեակատարողական ծառայողներին ենթադրյալ չարաշահումներ վերագրելու իր շարժառիթները` հայտարարելով, որ առերևույթ հանցանքների հատկանիշներ պարունակող արարքների մասին իրականում որևէ փաստական տվյալ չունի և իր հայտարարությունները պայմանավորված են եղել բացառապես իրեն տրամադրվող բժշկական օգնության գործընթացի կազմակերպման ձգձգումներով։
Նույն օրը Հայկ Գալստյանն անձամբ քանդել է կոպերի կարերը»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց