Դոնալդ Թրամփը համոզված է, որ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև ընտրությունները
ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ մինչև նախագահական ընտրությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունենալու հնարավորությունը մեծ է:
Թրամփը վերջերս նորից կանգնեց մի սկանդալի առջև, երբ «The Atlantic» ամսագիրը, առանց անուններ հրապարակելու, վկայակոչեց չորս անձանց, ըստ որոնց նախագահն անհարգալից խոսքեր է ասել Փարիզի մոտակայքում գտնվող ամերիկյան գերեզմանատանը թաղված ամերիկացի զինվորականների մասին: Պարբերականի համաձայն Թրամփը նրանց անվանել է «պարտվածներ» և «մակաբույծներ», և չի համաձայնվել այցելել այս գերեզմանատուն` 2018-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թրամփն այս մեղադրանքներն անվանում է «շինծու» ու հերքում դրանք: Իսկ խոսելով պատվաստանյութի մասին, նա հայտարարում է, թե այն կարող է պատրաստ լինել նախատեսվածից ավելի վաղ:
ԱՄՆ-ի առողջապահության հասարակական ծառայությունների պաշտոնատար անձինք և «Pfizer» ընկերությունը հայտարարել են, որ կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել արդեն հոկտեմբեր ամսին, այսինքն, նոյեմբերյան ընտրություններից առաջ, ինչը շատերի կարծիքով, կարող է խթան հանդիսանալ Թրամփի աջակիցների թիվն ավելացնելու համար:
Խոսելով ընտրություններում իր մրցակից Ջո Բայդընի մասին, Թրամփն ասել է, թե նա «պատրաստ չէ այդ կարևոր պարտականությունը ստանձնելուն», իսկ նրա հետ ընտրարշավին մասնակցող, փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսին անվանել է Կոնգրեսում ամենալիբերալ անդամը, որը, ըստ նրա, «կոչնչացնի այս երկիրը և այս երկրի տնտեսությունը»:
Չնայած ռասայական հարցերով հռետորաբանական մեկնաբանություններին, Թրամփը վերջերս մեղմել է իր խոսքը, նպատակ ունենալով իր կողմը գրավել նաև ճոճվող նահանգներին, որոնք երբեմն քվեարկում են հօգուտ դեմոկրատների, երբեմն` հանրապետականների: Խոսքը հիմնականում Փենսիլվանիա, Վիսքոնսին և Միչիգան նահանգների մասին է:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ