Զոհված տղաների շիրիմները Նիկոլը սարքում է նախընտրական կամպանիայի ֆոն. Բագրատ Եսայան
«Այսպիսի դեպք, երբ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին հայհոյանքով է դիմավորում մի ողջ մարզ, ես չեմ հիշում։ Ոչ մի երկրում այսպիսի բան չի եղել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց դաշնակցական գործիչ Բագրատ Եսայանը։
Նրա խոսքով, ուղղակի ծիծաղելի է, երբ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ինչ-որ միջոցառումներում ասում են՝ վերջ թավիշին. «Իբր այդ ե՞րբ էր թավիշ»։
ՀՅԴ-ական գործչի դիտարկմամբ, այդ բոլոր գործողությունները, բռնի բերման ենթարկելը, որ եղել են այս տարիներին, թավշյա գործողություններ չեն, և այն, ինչ երեկ կատարվեց Սյունիքում, ուղղակի աննկարագրելի է։
«Եվ դրան հետևած դեպքերը՝ ճնշումներ, ձերբակալություններ...։ Մեղրիի քաղաքապետին հրավիրում են ոստիկանություն, այն էլ պարտադիր իրենց մեքենայով, հետո պարզվում է, որ ոչ թե Մեղրի են տանում, այլ Կապան, ճանապարհին էլ շեղվում են դեպի Երևան։ Եվ հիմա, ի միջի այլոց, ՔԿ առաջ հավաք է, և մարդիկ, որոնք բողոքում են նման ապօրինությունից, հասկանում են, որ այս բռնապետիկը փորձ է անում մեր երկիրը վերածել ժողովրդավարության խրտվիլակի»,- ասաց նա։
Ըստ Բագրատ Եսայանի, Նիկոլ Փաշինյանն այս երկրում այլևս ի վիճակի չէ ազատ տեղաշարժվելու։ Բայց և այնպես, նա սկսկել է իր նախընտրական արշավը, այն էլ՝ գերեզմանոցներում. «Եվ իր մեղքով զոհված տղաների շիրիմները նա սարքում է իր նախընտրական կամպանիայի ֆոնը։ Եվ ուղղակի խայտառակություն է, որ զոհերի ծնողները ստիպված են գերեզմանների մոտ հերթապահել, որ հողատուն չպղծի իրենց երեխաների շիրիմները»։
Անդրադառնալով պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թվին, որը դեռ հստակեցված չէ՝ Բագրատ Եսայանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները շատ լավ գիտեն և՛ թիվը, և՛ անունները։
«Իրենք հարազատներին չեն հանձնում տղաների մարմինները, որ կարողանան ծնողներին որոշակիորեն ուղղորդել։ Անհետ կորածների ծնողներին ուղղորդում են, օգտագործում են ընդդիմության դեմ հանելու համար։ Նրանք մտածում են, որ ավելի լավ է մարդը անհետ կորած լինի, քան դին հանձնեն ծնողին, որ հուղարկավորեն, իրենց վշտից հետո միանան ընդդիմությանը։ Ուրեմն, ինչքան ուշ, այդքան լավ։ Հենց այս ձևով փորձում են ծնողներին կախվածության մեջ պահել։ Եվ դա քիչ է, ծնողներին էլ ուղղորդում են դեպի բանակ. նորից բանակը վարկաբեկելու խնդիր է դրված»,- վստահեցրեց ՀՅԴ-ական գործիչը։
Նրա խոսքով, բանակի վարկաբեկումը սկսվեց, երբ 4 գեներալ-գնդապետների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, դա եղավ «թավշյա խեղկատակությունից» անմիջապես հետո։
«Ապա սկսվեց հաջորդ փուլը, նոր հրամանատարական կազմ՝ ընդհուպ մինչև միջին հրամանատարական կազմ իջան։ Նույնիսկ այդ դեպքում բանակը մեկ շաբաթ, 10 օր դիմադրեց, երբ ադրբեջանցիները չէին կարողանում ճեղքել, հանկարծ լրահամալրումը դադարեցվեց, հանկարծ հայտարարվեց, որ այլևս պետք է կամավորները գնան կռվելու։ Հենց այդ պահին է կազմալուծում էր իրականացվում։ Երբ դա էլ արեցին, հասկացան, որ բավարար չէ, ու սկսեցին «Լելե-Թեփեի» արկածախնդրությունը, որով կոտրվեց ողջ հարավային թևը։ Եվ նույնիսկ այդ ժամանակ են հրաման իջեցնում, որ պետք է հանձնվի Հադրութը, չի պաշտպանվում դեպի Շուշի տանող ձորակը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը Սյունիքում են, փորձում են վախի մթնոլորտով ինչ-որ իրավիճակ փոխել . Վահե Հակոբյան
- Էլբակյան. Սյունիքում ձերբակալությունները ոչնչով չեն տարբերվում 1915 թ․ ապրիլի 24-ի դեպքերից
- Քաղաքագետ. Ուզում եք երկիրը փրկեք, արեք այն, ինչ արեցին Սյունիքում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց