Մենք համաշխարհային հանրությանը կհասցնենք՝ փաստացի դեպի տոտալիտարիզմ տանող գործընթացների մասին. Մամիջանյան
«Ընդդիմոթյան հայտարարություններն ու աշխատանքն այնքան ուժեղ է լինելու, որ դրա առաջ հնարավոր չի լինի աչք փակել: Մենք կգտնենք տարբերակը համաշխարհային հանրությանը և միջազգային կառույցներին հասցնելու՝ փաստացի դեպի տոտալիտարիզմ տանող գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր երկրում»,- անդրադառնալով Եվրանեսթի այսօրվա նիստում ՀՀ ներքաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների բարձրաձայնած հարցերին՝ ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
ՀՀ ԱԺ պատգամավորը հայտնեց, որ Եվրանեսթի շրջանակներում ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումների ընթացում ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը հաստատել է այն տեսակետը, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին, ինչի մասին նա դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ է բազմիցս հայտարարել:
«Մարինա Կալյուրանդը մի քանի անգամ ընդգծեց, որ Արցախյան հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում, պատերազմը կոնֆլիկտի ավարտ չի ենթադրում, որ Ադրբեջանի կողմի հոխորտանքը, թե արցախյան հիմնահարցը լուծված է, չի համապատասխանում ԵՄ մոտեցմանը և Մինսկի խումբը միակ ընդունված ձևաչափն է, որի շրջանակում հնարավոր է հիմնահարցի լուծում ապահովել»,- հայտնեց Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմադիրներն առաջարկել են, որ Եվրանեսթի հայկական հանձնաժողովի նախագահի տեղակալի քվոտա տրամադրել ընդդիմությանը, որպեսզի նրա ձայնը հասանելի լինի:
Ընդդիմադիր պատգամավորը դրական չհամարեց, որ Եվրանեսթի ձևաչափի միջոցառմանը մասնակցելու է եկել Եվրախորհրդրանի ընդամենը երկու պատգամավոր, որն անընդունելի վերաբերմունք է եվրոպական խորհրդարանական վերահսկողության այդ ձևաչափի նկատմամբ,։ Դա, ըստ նրա, առաջին հերթին ՀՀ իշխանություների թերացումն է, քանի որ նման փոքրաթիվ պատվիրակության ներկայությունն առաջին հերթին ցույց է տալիս նրանց թերի աշխատանքը։
Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին՝ Հայկ մամիջանյանն ասաց. «Որպես երեք պատերազմ անցած երկրի քաղաքացի, հույս ունեմ, որ լայն իմաստով տարածաշրջանում մոտ ապագայում կհաստատվի խաղաղություն և, ինչպես իրենք՝ կողմերն են նշում, երկու եղբայրական ժողովուրդների միջև արյունահեղություն չի լինի, կամ շատ արագ կդադարի»: