«Հրապարակ». Հայկ Մարությանի դեմ արշավը դուրս չի գալիս վախեցնելու, շանտաժի տիրույթից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ սկսեց քաղաքապետարանում, որոնք ընդգրկում էին 2018-2022 թվականները։ ՊՎԾ-ն հայտարարեց, որ հայտնաբերվել են 8.5 մլրդ դրամի խախտումներ։ Առանձին խախտումներով 5 նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն հարուցվել է 3 քրեական գործ: Սա նախկին քաղաքապետի դեմ որպես արշավ որակվեց, քանի որ հենց նրա կառավարման շրջանն էր ընկած ուսումնասիրությունների հիմքում։ Սակայն իշխանության՝ Հայկ Մարությանի դեմ արշավը կարծես դուրս չի գալիս վախեցնելու, շանտաժի տիրույթից, համենայնդեպս, առայսօր որևէ ինֆորմացիա չկա նրան կամ նրա մերձավորներին հարցաքննության հրավիրելու մասին:
Որոշ տեղեկություններով, իշխանությունները չեն կողմնորոշվում՝ ընթացք տա՞լ այս քրեական գործին, թե՞ ոչ: Բանն այն է, որ իշխանական շրջանակներում կարծում են, որ Հայկ Մարությանը ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին, քաղաքի ընտրությունների ժամանակ, կարող է լուրջ մրցակցություն ապահովել, իսկ հայկական իրականությունում մարդիկ սիրում են զոհի կերպարը, ուստի, եթե իշխանությունը հետապնդումներ սկսի Մարությանի նկատմամբ, առավել ևս՝ ձերբակալի, ապա մտահոգություններ կան, որ նրա ռեյտինգը շեշտակիորեն կբարձրանա, և կկրկնվի Գորիսի «Առուշ Առուշանյան» օպերացիան, երբ հալածյալ թեկնածուն բերդից հաղթեց իշխանության թեկնածուին:
Որքան էլ որ վարչական ռեսուրսներ ծախսվեն: Սակայն կարծիք կա նաև, որ Մարությանի ռեյտինգի մասին լուրերը խիստ ուռճացված են, մանավանդ՝ նրա մոնոներկայացման ակնհայտ տապալման ֆոնին: Նաև պարզ չէ, թե ինչ քաղաքական ուժի հետ է մասնակցելու Հայկոն առաջիկա ընտրություններին, և ով է լինելու նրա էլեկտորատը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սեպտեմբերյան էսկալացիան երկարացրեց Դումանյանի պաշտոնավարումը
- «Հրապարակ». Չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ. Տիգրան Ավինյանը քարոզարշավ է անում
- «Ժողովուրդ». Կոնդեցի տիկին Նաիրան ի՞նչ է հիշեցրել Տիգրան Ավինյանին, որ վերջինս անակնկալի է եկել
- «Հրապարակ». Եկող շաբաթ մեկնարկող քառօրյային ընդդիմադիր շարքերն այլևս դատարկ չեն լինի
- «Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման օրոք ազատված աշխատակիցներն այժմ 90 տոկոս դեպքերում հաղթում են դատարաններում