Գյումրի-Երևան էլեկտրագնացքը բախվել է բեռնատարին, կան տուժածներ
Ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը:
Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի ։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտմանը։
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։