Հայաստանը ԵՄ-ին դիմել է եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով. Արման Եղոյան
«ԵՄ հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու դեպքում, ոչ ձևական, այլ բովանդակային, Հայաստանի եվրաինտեգրաման գործընթացը մի քանի քայլ առաջ կգնա»,- «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Նա նշեց, որ 2020 թվականից հետո նկատելիորեն ԵՄ էլ ավելի է ակտիվացել մեր տարածաշրջանում և դա ուներ տարբեր պատճառներ։
«2021 թվականին ԵՄ-ն Հայաստանին առաջարկեց նոր տնտեսական և ներդրումային ծրագիր՝ 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթով։ Գրանտերով, վարկերով տրվող աջակցություն էր, այս պահի դրությամբ այդ գումարից արդեն իսկ տրամադրվել է մեզ և նպատակաուղղվել է 550 միլիոն եվրոն։
Սրա մեծ մասը փոքր և միջին բիզնեսին աջակվող արտոնյալ վարկերն էին»,- ասաց Եղոյանը։
Նա հիշեցրեց, որ 2022 թ. ՀՀ սուվերեն տարածքի դեմ հարձակումից հետո ԵՄ որոշեց ՀՀ գործուղել դիտորդական առաքելություն. «Դժվար է թերագնահատել այս առաքելության դերը մեր պետության անվտանգության հարցում այս փուլում»։
Ա.Եղոյանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին դիմել է եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով։
«Սա մեկ այլ անվտանգային գործիքակազմ է, որը տարբեր տեսակի աջակցություններ է տրամադրում պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում։ Այս հարցը գտնվում է քննարկման փուլում, հույս ունեմ Հայաստանը այս գործիքակազմից օգտվողների ցանկում կլինի։
ԵՄ- Հայաստան գործընկերության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել սկսել աշխատանքը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ, համատեղ առաջնահերթություններ՝ բոլոր հաթություններում համագործակցության համար։ Խոսքն ավելի շատ քաղաքական հանձնառության, քաղաքական փաստաթղթի մասին է, որը գտնվում է մշակման փուլում, ակնկալում ենք դրա մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին»,- ասաց Ա. Եղոյանը։