ԵԽԽՎ-ում քննարկվում է Ռուսաստանի պատվիրակության հարցը
Ապրիլի 7-ից 11-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը։ Panoramaam-ի թղթակիցը հայտնում է, որ նստաշրջանի բացման օրը՝ ապրիլի 7-ին, երբ, ըստ կանոնակարգի, տեղի է ունենում պատվիրակների հավատարմագրերի հաստատումը, կքննարկվեն նաև անգլիացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերի և դանիացի պատգամավոր Մայքլ Աաստրապ Յանսենի կողմից ներկայացրած բանաձևերը, որոնցով առաջարկվում է վերանայել Ռուսաստանի Դաշնության պատվիրակների հավատարմագրերը և կասեցնել ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքը։
Առաջին բանաձի նախագիծը, ներկայացված անգլիացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերի կողմից, առաջարկում է վերանայել ռուս պատվիրակների հավատարմագրերը։
Բանաձևում մասնավորապես ասվում է․ «Խորհրդարանական վեհաժողովը, առանց վերապահման, դատապարտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից՝ 2014թ․-ի մարտի սկզբին, և հայտնում իր խոր մտահոգությունը, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը միասնականորեն լիազորեց այդ գործողությունները։ Վեհաժողովը գտնում է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքների լուրջ խախտում։
Վեհաժողովը, հետևաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք վերանայի, Ասամբլեայում ռուսական պատվիրակության հավատարմագրերը՝ առարկայական հիմքով»։
Այս բանաձի տակ ստորագրել են ԵԽԽՎ 74 պատվիրակներ։
Դանիացի պատգամավոր Մայքլ Աաստրապ Յանսենի կողմից ներկայացրած բանաձևի նախագծով առաջարկվում է կասեցնել ՌԴ պատվիրակության քվեարկելու իրավունքը։Այս առաջարկի տակ ստորագրել են ԵԽԽՎ 53 պատվիրակներ։
Բանաձևում ասվում է, որ բանաձևի տակ ստորագրած պատվիրակները, հենվելով Եվրոպայի խորհրդի հիմնարար գաղափարների և սկզբունքների վրա, խիստ մտահոգված են Ռուսաստանի Դաշնության կողմից ԵԽ իր պարտավորությունների և պարտականությունների կատարման ձախողման համար. «Ռուսաստանի Դաշնության ռազմական ուժերի գործողությունները Ղրիմի թերակղզում, ինչպես նաև Ուկրաինայի մնացած տարածքին սպառնացող ռազմական գործողությունները, միջազգային իրավունքի ուղղակի խախտում է՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, Եվրոպայի խորհրդի կանոնադրության, ինչպես նաև Ռուսաստանի անդամակցության պարտավորությունների։
Բացի այդ, Ուկրաինայի տարածքում զինված ուժերի գործողությունները լիազորվել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի կողմից 2014թ․-ի մարտի 1-ին։
Տեղյակ լինելով Եվրոպայում կայունությանը և խաղաղությանը նման իրավիճակի հնարավոր հետևանքներին, մենք կոչ ենք անում առավել կոշտ պատասխան տալ այն քաղաքականությանը, որը հիմնված է ուժի և սադրանքի վրա»:
Բանաձևում նշվում է նաև, որ 2000թ․-ին ՌԴ պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցվեց՝ Չեչնիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների պատճառով։ Այս անգամ ՌԴ ռազմական ուժերը խախտել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և սա պետք է ունենա անմիջական հետևանքներ։
Բանաձևի նախագիծը ստորագրած պատվիրակները, հենվելով Վեհաժողովի կանոնակարգի 9․1 ա կետի վրա, պահանջում են կասեցնել ՌԴ պատվիրակության քվեարկելու իրավունքը։
Նշենք, որ այս բանաձևերը չեն քննարկվել Վեհաժողովում և այն պարտավորեցնում է միայն նրանց, ովքեր ստորագրել են բանաձևի նախագծի տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ