Հայաստանում արտադրելու դեպքում ռուս գործարարները կօգտվեն ԵՄ արտոնություններից
ԵՏՄ անդամ երկրների գործարարները Հայաստանում արտադրություն հիմնելու դեպքում կօգտվեն ԵՄ-Հայաստան առևտրային արտոնյալ ռեժիմից: Ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ռուս գործարարներին հրավիրել Հայաստանում ներդրումներ կատարելու:
«Մենք արդեն բավական երկար ժամանակ օգտվում ենք ԵՄ հետ առևտրային բարենպաստ ռեժիմից, և 11 000 անուն ապրանքների գծով մենք արտոնյալ պայմաններ ունենք. Հայաստանում արտադրվող այդքան անուն ապրանքներ ԵՄ շուկաներում կհայտնվեն կամ առանց մաքսատուրքի, կամ անհամեմատ ավելի ցածր մաքսատուրքով: Այդ իսկ պատճառով, մենք հուսով ենք, որ որոշակի ժամանակ անց մեր երկրում կհայտնվեն ձեռնարկություններ, ընկերություններ, որոնք կարտադրեն Հայաստանի տարածքում և կվաճառեն կամ ԵՄ, կամ ԵՏՄ շուկաներում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Արևելքի ու Արևմուտքի միջև կամուրջ դառնալու Հայաստանի մտադրությունը սրանով չի ավարտվում: Հանրապետության ղեկավարը տեղեկացրել է նաև Հեռավոր Արևելքից ստացված առաջարկների մասին:
«Վերջերս ես պետական այցով Չինաստանում էի, և շատ ընկերություններ շահագրգռված են Մետաքսի ճանապարհի շուրջ տնտեսական գոտու ստեղծման մեջ: Այն նախկինում էլ անցնում էր Հայաստանով: Ես հաճույքով հրավիրում եմ ռուս ներդրողներին՝ մասնակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում ռուսական կապիտալի մասնակցությամբ արդեն իսկ 1300 ընկերություններ են գործում:
Ռուս մեկնաբանի այն դիտարկմանը, թե այդկերպ Հայաստանը գտել է Եվրոպայի ու Ասիայի, ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև «կայունության կետը», Հայաստանի նախագահն արձագանքել է. «Մենք միշտ էլ գտնվել ենք Արևելքի ու Արևմուտքի հատման կետում»:
Նախորդող հրապարակումներ`
ՀՀ նախագահ. ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում դժվարություններն ավելի շատ կլինեին
Սերժ Սարգսյան. Ապրիլի 24-ը կարևոր է աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի համար
Սերժ Սարգսյան. Թուրքիայի իշխանություններն ընդլայնում են ժխտողականության գործիքակազմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան