Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանությունն այսուհետ դատարանում կիրականացնի նաև փաստաբան Սամվել Ջաղինյանը: Այս մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվող դատական նիստի սկզբում հայտարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Դատարանում այսօր հարցաքննվեցին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, ովքեր վթարի օրը ներկա են եղել դեպքի վայրում:
«Դեպքի վայրի զննության արձանագրությանը մասնակցել եմ ճանապարհային ոստիկանության աշխատակից Վոլոդյա Կարապետյանի և երկու ընթերակայի հետ»,-ասաց վկա ճանապարհային ոստիկանության տեսուչ Գևորրգ Մարտիրոսյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հարց տվեց, թե ստորագրելուց առաջ ծանոթացե՞լ է այն արձանագրությանը, որը կազմվել է, վկան պատասխանեց՝ այո: Մյուս հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ վթարի վայրում հետքեր եղած լինեն, որոնք չեն արձանագրվել, վկան ասաց, թե բացառվում է:
ՃՈ տեսուչն ասաց, թե մասնակցել են մեքենաների զննմանը, մեքենաների միջից հանել են որոշ պարագաներ: Պատասխանելով պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցերին, ասաց, որ չի հիշում և չի կարող ասել, թե վթարին մասնակից մեքենաների հետքերը չափագրել են, թե ոչ:
Գործով մյուս վկա, ՃՈ տեսուչ, լեյտենանտ Վոլոդյա Կարապետյանն ասաց, որ չի հիշում, թե դեպքի վայրում հետքերը, մասնավորապես ԲՄՎ մակնիշի մեքենայի հետքերն արձանագրել են, թե ոչ: Նա նշեց, որ բացի դեպքի վայրի զննությանբ արձանագրությունը կազմելուց, իրենք մասնակցել են նաև մեքենաների տեղափոխմանը և ճանապարհի մաքրման գործողություններին, մեքենաներից թափված կտորները եղել են ճանապարհի երթևեկելի մասում՝ առաջին գոտում:
Վկա Գրիշա Գասպարյանը պատմեց, թե անցնելիս են եղել այդ հատվածով, կանգնել է, նայել: Իրեն ասել են, թող գա և մասնակցի զննությանը որպես ընթերակա: Հարցերին պատասխանելիս ընթերական ասաց, որ չի կարդացել, թե ինչ է ստորագրել:
«Ասել են արի ստորագրի, ստորագրել եմ»,-ասաց ընթերական: Ընթերական ասաց, թե դեպքի վայրում էլի ընթերակա է եղել՝ ջահել մի տղա:
Նածորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար