Հայաստանում մինչ այժմ դրսևորված ամենահակաժողովրդավարական դեպքը՝ ըստ փաստաբան Վահե Գրիգորյանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մասնակից փաստաբան Վահե Գրիգորյանի համար Հայաստանում մինչ այժմ ամենահակաժողովրդավարական դրսևորման վառ օրինակ է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո դիտորդների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման նկատմամբ սահմանափակումները: Հարցազրույցի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Վ. Գրիգորյանն ասաց, որ կոնկրետ այդ դրսևորումն իր մեջ ներառում էր նաև անարադարության և խտրականության հարցը:
Նշենք, որ հարցազրույցի փուլի ընթացքում հնչում է հետևյալ հարցը` թե որո՞նք են Հայաստանում վերջին 24 տարում տեղի ունեցած ամենաանարդար, ամենախտրական ու ամենահակաժողովրդական դեպքերը:
«Որպես խտրականության բացառման խախտման ամենաճչացող դեպք նշեցի մարտի մեկի իրադարձությունները, մինչ այդ՝ նախընտրական գործընթացները, որոնց շրջանակներում մարդկանց իրենց քաղաքական համոզմունքի հիման վրա խտրաբար հետապնդում էին, որն էլ հանգեցրեց ընդուպ մինչև տաս մարդու մահվան»,- ասաց Վ. Գրիգորյանը:
Փաստաբանի կարծիքով, անարադարության ամենադասական դրսևորումը Հյուսիսային պողոտայի բնակիչների նկատմամբ թույլ տրված խախտումների վերաբերյալ գործերով դատարանների վերաբերմունքն է:
«Խախտումներ կարող են լինել ցանկացած երկրում: Բայց այժմ մարդիկ չեն հիշում այդ կառուցապատողներին, այլ նրանց հիշողության մեջ տպավորված են այն դատավորները, ովքեր անարդար են գործել: Դա բնական է: Վերջին հաշվով՝ դա հենց դատավորների թույլ տված խախտումներն են»,- ասաց փաստաբան Վ. Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մեկնարկել է նախօրեին, կավարտի այսօր: Մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակում 14 հոգի է:
Նախորդող հրապարակումներ՝
Արմեն Հարությունյան. Հայաստանի իշխանությունների հետ արդեն հինգ տարի է կապ չունեմ
ՀՀ-ում տեղի ունեցած ամենահակաժողովրդավարական դեպքն՝ ըստ նախկին օմբուդսմանի
ՄԻԵԴ. Հարցազրույցի փուլն ուշացումով մեկնարկեց Վահե Գրիգորյանի դիմումի պատճառով
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում հայ դատավորի մրցույթի հարցազրույցի փուլը