Գործընկերները կաջակցեն ՀՀ կառավարությանը բարեփոխել երեխաների խնամքի և պաշտպանվածությանը համակարգը
Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ստորագրել են համագործակցության համաձայնագիր` իրականացնելու հնգամյա ծրագիր, որը կաջակցի ՀՀ Կառավարության՝ երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխմանը: Ծրագրի նպատակն է այլընտրանքային ընտանեկենտրոն խնամքի տարբերակները բարելավելու և համայնքահեն ծառայությունները զարգացնելու միջոցով դադարեցնել երեխաների ներհոսքը գիշերօթիկ խնամքի և հատուկ հանրակրթական հաստատություններ, ինչպես նաև այդ հաստատություններում գտնվող երեխաներին վերադարձնել ընտանեկան միջավայր: Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այլընտրանքային ծառայությունների բացակայության պատճառով Հայաստանում առկա երեխաների խնամքի և պաշտպանության համակարգը խրախուսում է հաշմանդամ երեխաների ծնողներին և տնտեսապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին ուղարկել իրենց երեխաներին գիշերօթիկ հաստատություններ` ժամանակավոր, հաճախ նաև մշտական խնամքի համար: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված հետազոտության տվյալների` Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 42 պետական և ոչ պետական հաստատություններում կա մոտ 4500 երեխա: Երեխաները բնակվում են երեք տեսակի հաստատություններում`մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ և հատուկ դպրոցներ: Այս երեխաների իննսունյոթ տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են և ունեն առնվազն մեկ ծնող:
Հայաստանի կառավարությունը ընդունում է ապաինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը և 2011 թվականից սահմանել է այն որպես ռազմավարական գերակայություն: ԱՄՆ ՄԶԳ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժն-ի, Փրկեք երեխաներին և Հույսի կամուրջ կազմակերպությունների հետ համատեղ, կաջակցի ՀՀ Կառավարությանը իրագործել իր հանձնառությունը` բարելավել ընտանեկենտրոն խնամքի տարբերակները և ստեղծել համայնքահեն այլընտրանքային ծառայություններ, ինչպես նաև ներառական դպրոցներ` հատուկ կարիքներով երեխաների կրթությունն ապահովելու համար:
Գալիք հինգ տարիների ընթացքում գործընկերների համատեղ ջանքերը հնարավոր կդարձնեն գիշերային խնամքի թիրախային հաստատությունների երեխաների սոցիալական ներգրավումը և ծառայությունների ու հնարավորությունների հավասար հասանելիությունը: Ապաինստիտուցիոնալացումը կհանգեցնի գիշերօթիկ խնամքի աստիճանական վերացմանը և Հայաստանի քաղաքացիների համար հասանելի ու համապատասխանորեն մշակված ընտանեկենտրոն խնամքի և համայնքահեն ծառայությունների զարգացմանը: