«Պանտերա»-ի աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու գործը փորձում են փակել. «Հրապարակ»
«Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին դուրս են գրել հիվանդանոցից, թեևս նա ֆիզիկապես ապաքինվել է, բայց նյարդային, հոգեբանական խնդիրներ ունի։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Վարազդատ Խոցանյանը հաճախ մտերիմների համար տարօրինակ բաներ է ասում ու անում, այցելում է հոգեբանի։
Թերթին հայտնի է դարձել նաև, որ ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում արդեն ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ հասցված մարմնական վնասվածքները գնահատվել է միջին ծանրության։
Թերթի տեղեկություններով՝ ոմանք ամեն ինչ անում են, որպեսզի գործը փակվի:
«Նրանցից մեկը Ռուսաստանում ապրող վիրահայ գործարար, հայտնի Ախալքալաքցի Նորոն է, մյուսը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը։ Ինքը՝ Խոցանյանը, հակված չէ բողոքելու, այսպես ասած՝ ախալքալաքցիները չեն ցանկանում, որ իրենց միջև ծագած խնդիրն աղմուկի և շահարկումների տեղիք տա, առավել ևս հարցը լուծելուն խառնվեն իրավապահները, կամ էլ մեկը մյուսի դեմ ցուցմունք տա, ու իրենց պատճառով «զեմլյակ» մարդ նստի»,-գրել է թերթը։