Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման մեջ Սենեգալը կարող է յուրատեսակ կամրջի դեր կատարել. Նալբանդյան
Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում Սենեգալը կարող է յուրատեսակ կամրջի դեր կատարել։ Այս մասին նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի հետ հանդիպման ժամանակ:
Սենեգալի արտգործնախարարը նշել է, որ ուրախ է կատարել Սենագալից առաջին այցելությունը Հայաստան։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները կարևորել են իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։
Զրուցակիցները անդրադարձել են մշակութային և կրթական բնագավառներում համագործակցությունը խթանելու ուղիներին։
Նախարարները քննարկել են Դակարի գագաթաժողովի որոշումների իրականացման ընթացքը։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան