«Տաշիր» ակումբը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց աշխարհի ըմբշամարտի ակումբային առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել էր «Տաշիր» ակումբով:
Հայկական ակումբն առաջին տեղով էր դուրս եկել «C» խմբից` առավելության հասնելով Ղրղզստանի (6:2), Վրաստանի (4:4, 19-15 միավորներով), Բուլղարիայի (7:1) նկատմամբ:
Կիսաեզրափակչում հայ ազատոճայինները 2:6 հաշվով զիջել էին ԱՄՆ-ն ներկայացնող «Տիտան Մերկուրի» ակումբին: Բրոնզե մեդալի համար պայքարում հայկական ակումբը 1:7 հաշվով զիջեց իրանական «Քեֆայաթիին»: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի ազատ ոճի ըմբշամարտի ակումբային առաջնությանը, որը կայացել է նոյեմբերի 26-27-ը, մասնակցել է 15 ակումբ` Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Հայաստանից, Հունգարիայից , Ղրղզստանից, Մոնղոլիայից, Վրաստանից, Լատինական Ամերիկայից և չորս թիմ՝ Իրանից:
«Տաշիր» ակումբը ներկայացնում էին Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Երվանդ Թադևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ) և իրանցի չորս ըմբիշ, որոնց տրամադրել էր կազմակերպիչ երկիրը: