Բաց նամակ վարչապետին. Նման որոշումը ստիպում է մարդկանց հույսը դնել միայն «Փարոս»-ի վրա
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Նոր Խարբերդի բնակիչ Ֆրունզիկ Թամազյանը բաց նամակ է հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա կառավարության ղեկավարին հորդորում է միջնորդնել, որպեսզի ընտանի կենադանիների հարկման քաղաքապետարանի որոշումը Նոր Խարբերդի բնակիչներին և տնտեսություններիի համար չեղյալ համարվի:
Նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ, ես ապրում եմ Նոր Խարբերդում և ունեմ փոքր տնտեսություն (15հավ, 3 հնդկահավ, 15 սազվար): Հունվարի 23-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն ինձ նամակ է ուղարկել՝ տեղեկացնելով, որ ես կամ իմ լիազորված ներկայացուցիչը հրավիրվում ենք Շենգավիթ վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժին: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 434 որոշման համաձայն, ես հրավիրվում են առանց թույլատվության ընտանի կենդանի պահելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություն կամ միջնորդություն ներկայացնելու համար:
Հարկ եմ համարում նշել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում, որտեղ ես ապրում եմ իմ կնոջ հետ, չկա հանրակրթական դպրոց, մանկապարտեզ և քաղաքի վարչական շրջանի համապատասխան կենսագործունեության պայմաններ: Փաստ է, որ Նոր Խարբերդի բնակելի պայմանները մակարդակի առումովն ավելի ցածր են, քան թե ցանկացած գյուղի պայմանները: Այս դեպքում զարմանալի է, թե ինչու Նոր Խարբերդի բնակիչները պետք է Երևան քաղաքի բնակիչներին հավասար հարկ վճարեն ընտանի կենդանիներ պահելու համար: Տեղեկացնեմ, որ նամակ ստանալուց առաջ մենք նույնիսկ տեղեկացված չենք եղել, որ թռչունների և այլ ընտանի կենդանիների համար պետք է հարկ վճարենք և որքան է կազմում այդ հարկը, քանի որ ոչ մի ծանուցում չենք ստացել»:
Նամակի հեղինակը նշում է, որ ինքը 66 տարեկան է, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն, կինը 64 տարեկան է, ունի 2-րդ կարգի հաշմանդամություն:
«Մենք երբևէ ընդգրկած չենք եղել «Փարոս» համակարգում, ապրել ենք մեր փոքր տնտեսության եկամուտների հաշվին և մեր արդար աշխատանքով:
Հարկ եմ համարում նշել, որ Նոր Խարբերդում կան նաև 12 հավից բաղկացած փոքր տնտեսություններ, որոնց տերերը նույնպես ստացել են վարչական վարույթի շրջանակներում բացատրություն տալու վերաբերյալ ցանուցումներ, հետևաբար, իմ հորդորը ոչ թե նեղ անձնական է, այլև ներկայացնում է ողջ Նոր Խաբերդի հավաքական խնդրանքը:
Սոցիալական այս ծանր պայմաններում նման որոշումը դրդում է բնակչությանը դադարել ընտանիք կենդանիներ պահել՝ վնաս հասցնելով գյուղատնտեսության զարգացմանը: Նման որոշումը ստիպում է մարդկանց հույսը դնել միայն «Փարոս» համակարգի աջակցության վրա: Գաղտնիք չէ, որ մեր շրջանում այդ համակարգից օգտվողների 90 տոկոսը չեն պահում ոչ ընտանի կենդանի: Այս պայմաններում գյուղատնտեսության և առհասարակ տնտեսության աշխուժացման մասին խոսելն ավելորդ է:
Ձեզ՝ որպես երկրի կառավարության ղեկավարի, հորդորում եմ այս հարցին լուծում տալ և միջնորդնել ընտանի կենադանիների հարկման քաղաքապետարանի այն որոշումը չեղյալ համարել, որը վերաբերում է Նոր Խարբերդի բնակիչներին և տնտեսություններին»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանցիներն ավելի շատ են սկսել ընտանի կենդանիների համար տուրք վճարել
- Կենդանասերները կհարկվեն, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին