Աբխազիայում նախագահի պաշտոնանկության վերաբերյալ հանրաքվե կանցկացվի
Աբխազիայում հուլիսի 10-ին հանրաքվե կանցկացվի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հուլիսի 6-ին հայտարարել է Աբխազիայի չճանաչված հանրապետության ղեկավար Ռաուլ Խաջիմբան:
«Եթե ժողովուրդը որոշում կայացնի, որ Խաջիմբան պետք է հրաժարական տա, ապա ես կընդունեմ այդ որոշումը»,-հայտարարել է նա Սուխումում իշխանության կողմնակիցների մասնակցությամբ հանրահավաքի ժամանակ: Խաջիմբան նաև հավելել է, որ հանրաքվեի մասին որոշումը կայացվել է բնակչության համախմբման և նախագահի հետագա լիազորությունները որոշելու նպատակով:
Ավելի վաղ Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հայտարարել էր, որ երկրում քաղաքական ճգնաժամ է հասունացել, որը պայմանավորված է ընդդիմության կազմակերպած հանրահավաքներով՝ընդդեմ նախատեսվող հանրաքվեի, քանի որ ըստ ընդդիմության՝ հանրաքվեն կազմակերպվում է իշխանության կողմից՝ սփական դիրքերն ամրապնդելու մտայնությամբ:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով տուժել է առնվազն 19 մարդ:
Հունիսի 5-ին մոտ 700 ընդդիմադիր գրոհել էր Աբխազիայի ներքին գործերի նախարարության շենքը: Գրոհը դադարեցվել է այն ժամանակ, երբ Խաջիմբան ժամանակավորապես պաշտոնանկ է արել նախարար Լեոնիդ Ձապշբային և հանձնարարել է գլխավոր դատախազությանը հետաքննություն անցկացնել ընդդիմության ներկայացրած փաստերի հիման վրա, որոնք վերաբերում են Ներքին գործերի նախարարի թույլ տված անօրինականություններին:
Իր հերթին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 6-ին հայտարարել է, թե Կրեմլը ուշադիր հետևում է Աբխազիայում զարգացումներին և հույս ունի, որ բոլոր հակասությունները կլուծվեն խաղաղ ու կառուցողական ճանապարհով:
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիա ժամանած զբոսաշրջիկները շտապ հավաքում են ճամպրուկները
- Ռաուլ Հաջինբա. Աբխազիայի և Վրաստանի միջև բանակցություններ չեն ընթանում
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ