Արտագաղթի խնդրի լուծումը՝ առաջնահերթություն
Արտագաղթի խնդիրը մեծագույն վտանգ է Հայաստանի համար: Պետք է կարողանալ այս խնդիրն անհապատ լուծել,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր Հայաստանի համար ո՞րն է այն խնդիրը, որի լուծումն առաջնահերթություն է:
Ըստ նրա, Հայաստանը պետք է կարողանա վերլուծել աշխարհում, Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությունները, ինչպիսի զարգացումներ կարող են լինեն և կարողանալ համապատասխան ծրագրեր, նաև՝ երկարաժամկետ ծրագրեր մշակել:
«Պետք է ունակություն ունենանք ավելի արագ արձագանքելու իրադրության փոփոխություններին, հստակ ծրագրեր առաջարկենք, ոչ թե պատահական գործողություններ իրականացնենք: Բարդ խնդիր է, հասուն պետականության խնդիր է, բայց պետք է գնանք այդ ճանապարհով: Դա մեզանից բավականին հասունություն է պահանջում»,- ասաց պատմաբանը:
Ասուլիսին ներկա պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նույնպես արտագաղթը համարեց առաջնային խնդիր Հայաստանի համար, նաև կարևորեց ներդրումները, ինչի արդյունքում և փոխադարձ վստահության պարագայում կզարգանա տնտեսությունը: Նա նաև որպես խնդիր նշեց արդարության, օրինականության պակասը, գործազրկությունը: Պատմաբանի խոսքով՝ Հայաստանն ու սփյուռքը միասին աշխատելով՝ կարող են հասնել խնդիրների լուծմանը:
Բացի այս, ըստ Է. Մինասյանի, պետք է մշակել երկարաժամկետ ծրագրեր: «Ցանկացած պարագայում կարող են առաջանալ խնիդրներ, դրանց պետք է պատրաստ լինել»,- ընդգծեց պատմաբանը:
Ասուլիսին ներկա Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը համակարծիք է, որ համատեղ ջանքերով՝ Հայաստան-սփյուռք, պետք է հասնել խնդիրների, մասնավորապես արտագաղթի, լուծմանը: Միաժամանակ նա հավելեց, որ այսօր ամբողջ աշխարհում է նկատվում շարժունակության աճ: Ըստ Շ. Գանտահարյանի, սոցիալ-տնտեսական վիճակից են մարդիկ արտագաղթում:
Ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանի կարծիքով՝ բանախոսների կողմից թվարկված խնիդրները մեկը մյուսի հետ կապված են. չի կարելի ներդրումներ անել առանց տնտեսությունն ամուր հիմքերի վրա դնելու, իսկ տնտեսությունը կարելի է ամուր հիմքերի դնել, եթե օրենքերը գործեն, դատարաններն արդար որոշումներ կայացնեն, համաձայնագրերը հարգվեն:
«Եթե վիճակը մի քիչ բարելավվի, սփյուռքը ներդրումներ կանի, օտարներն էլ կանեն»,- ընդգծեց նա՝ միաժամանակ հավելելով, որ, հանդիպելով վատ վերաբերմունքի, շատ սփյուռքահայեր չեն շարունակել իրենց այցելությունները Հայաստան, ներդրումներն ու օժանդակությունները:
«Պետք է միջոցներ, պայմաններ ստեղծենք, որ ժողովուրդը մնա Հայաստանում: Սփյուռքի հայերն, անշուշտ, պետք է ներգաղթեն, բայց ինչպես ներգաղթեն, եթե աշխատանք չկա հենց տեղի բնակչության համար»,- ասաց Հ. Սասունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Հավանաբար կարողացել ենք օգտագործել սփյուռքի ռեսուրսների միայն 5 տոկոսը
- Ռ.Սաֆրաստյան. Անկախության 25 տարիները հիմք ստեղծեցին մեր պետության հետագա զարգացման համար
- Անկախությունը հզոր ազդակ ապահովեց սփյուռքին. Շահան Գանտահարյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան