Ռ.Սաֆրաստյան. Անկախության 25 տարիները հիմք ստեղծեցին մեր պետության հետագա զարգացման համար
25 տարին պետական կյանքի համար մեծ ժամանակաշրջան չէ, բայց այս 25 տարիները մեր ժողովրդի, Հայաստանի համար եղել են շատ հագեցված տարիներ: 25 տարվա մեջ մենք այնքան բան տեսանք, մեծ ճանապարհ անցանք, որ գուցե այլ ժողովուրդ կանցնի մի քանի տասնամյակների ընթացքում,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա, թեև դժվարին պայմաններում, դժվար տարածաշրջանում, Հայաստանը 25 տարվա ընթացքում կայացավ որպես ինքնիշխան պետություն, պետություն, որը կարողացավ պաշտպանել պետությունը թշնամական ոտնձգություններից, ագրեսիայից, կայացավ որպես պետություն, որը կարողացավ ձեռք մեկնել Արցախին:
«Այս 25 տարիները ոչ միայն կայացման շրջան էր, այլ հիմք ստեղծեցին մեր պետության, ժողովրդի հետագա զարգացման համար»,- ընդգծեց պատմաբանը:
Ռ. Սաֆրաստյանի խոսքով՝ 25 տարվա ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ դժվարություններ. «Մի մասը պարտադրված էր դրսից: Եղան խնդիրներ, որոնք մենք կարող էինք ավելի լավ լուծել՝ ներքին կյանքն ավելի բարձր մակարդակի վրա կառուցելով: Որոշ բան չհաջոցվեց, որոշ բան հաջողվեց»:
Ասուլիսին ներկա պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի գնահատմամբ՝ Հայաստանում առկա բարոյաքաղաքական միասնությունն ապահովեց անկախությունը:
Ըստ նրա, այս 25 տարվա ընթացքում Հայաստանում կայացավ կառավարման համակարգը, ազատագրվեց Արցախը, ստեղծվեց հայոց բանակը, որն անցավ դժվարին փորձությունների միջով, բայց այսօր վստահորեն ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Պատմաբանի խոսքով՝ անկախության տարիների կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ Հայկական հարցը միջազգայնացվեց, այսօր առաջ են քաշվում պահանջատիրական խնդիրներ: