Հայաստանի քաղաքական համակարգը գտնվում է տեռորի տակ. Էդմոն Մարուքյան
«Նրանք, ովքեր հուշագիրը խախտել են, պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ: Չէ որ մյուս բոլոր քվեարկությունները բաց են լինելու», -այսօր Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո ճեպազրույցում հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք՝ «Հայկական Վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հայտարարել էին, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում սատարելու են «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին, և այդ դեպքում Մարուքյանը կստանար 18 ձայն: Սակայն ընտրությունների արդյունքներով, Մարուքյանի օգտին քվեարկել էին 14-ը:
Ընտրությունների արդյունքներով, քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, որին կոալիցիայի շրջանակներում աջակցում էր ՀՅԴ-ն: Այս պարագայում սպասվում էր, որ Ասլանյանի օգտին կքվեարկի ավագանու 15 անդամ, սակայն նրա օգտին քվեարկել էին 19-ը: Քվեարկության այս պատկերը ցույց է տալիս, որ ընդդիմադիր ուժերի միջև նախապես կայացած պայմանավորվածությունը խախտվել է և ստորագրված հուշագրի պահանջները չեն կատարվել:
«Նման հաղթանակը չի կարող փոփոխություն բերել վանաձոր քաղաքում, որովհետև սա ընդդեմ մարդկանց սպասումների է, ընդդեմ հուշագրի է, և այս ամեն ինչը անպայման իր հետևանքներն ունենալու է», -հայտարարեց Մարուքյանը:
Նրա խոսքով, «ամենօրյա ռեժիմով. Ճնշումներ են եղել, նույնիսկ դատախազությունից մարդիկ են մոտեցել ԼՀԿ անդամներին ու սպառնացել, որ բաց քվեարկելու դեպքում քրեական գործ են հարուցելու նրանց նկատմամբ:
ԼՀԿ նախագահը վստահեցրեց, որ իրենք իրենց առջև դրված խնդիրները լուծելու են որպես ավագանիներ:
«Եվ դեռևս հարց է, թե այս քվեարկության արդյունքները վերջնական ուժի մեջ կմտնե՞ն, թե՞ ոչ: Մենք դրա վերաբերյալ քննարկումներ կունենանք: Դրա վերաբերյալ մեր մոտեցումները կհրապարակենք: Հայաստանի քաղաքական համակարգը գտնում է տեռորի տակ և արդյունքում կատարվեց այն, ինչ կատարվեց», -հավելեց Մարուքյանը:
Ինչ վերաբերում է ԼՀԿ անդամների քվեարկությանը, նա ասաց, որ «Լուսավոր Հայաստանի» 10 անդամների քվեարկության վերաբերյալ իրենք պատասխանատվություն են կրում:
«Նրանց քվեարկությունը ստուգված է»,- ասաց Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր սկզբունքները պահել ենք մինչև վերջ. ԲՀԿ-ական
- Շեղվածները անբարոյական են. Բիշարյան
- Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց