2017-ին նախատեսված չէ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում. Վիգեն Սարգսյան
«Պաշտպանության նախարարությունը «Թումո» կենտրոնի հետ համատեղ ծրագիր սկսելու պայմանավորվածություն ունի, որն ավելի լայն, հավակնոտ ծրագրի սկիզբն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա կարծիքով, առկա են բոլոր հնարավորությունները, որ առաջիկա տարիներին յուրաքանչյուր զորացրվող զինծառայող տիրապետի համակարգչային հմտությունների, գիտելիքների:
«Եթե բանակը պետք է դառնա այն տեղը, որտեղ մեր քաղաքացիների մի մասն առաջին անգան պետք է շփվի համակարգչի հետ, օգտվի համակարգչից, պետք է հնարավորություն տանք, որպեսզի դա չլինի ուղղակի օգտատերի մակարդակով: Պետք է բոլոր զորամասերում ավելի խորքային դասընթացներ կազմակերպենք: Հիմա մենք սկսել ենք Դիլիջանի, Ստեփանակերտի զորամասերից, որոնք գտնվում են «Թումո» կենտրոնների հարևանությամբ: Կես տարվա պիլոտային ծրագիր է, արդյունքները գնահատելով կգանք եզրահանգումների: Չենք բացառում, որ խոշոր զորամասերում, պայմանավորվելով և գտնելով ֆինանսավորման աղբյուր, կառուցենք հենց «Թումո» կենտրոններ»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով, ժամկետային ծառայությունը զինված ուժերում չպետք է լինի միայն հայրենիքին պարտք տալու պարտավորություն, այլ նաև պետությունը պետք է կարողանա աջակցել նրա կայացմանը, ամրացմանը՝ գիտելիքի, ֆիզիկական առումով:
Նախարարը ցանկություն ունի, որ ծառայության ընթացքում զինվորներն ավելի հաճախ տեսնեն իրենց հարազատներին: Այդ ուղղությամբ, Վ. Սարգսյանի խոսքով, քննարկում են տարբեր մոդելներ:
«Հավատում եմ, որ Զինված ուժերի նկատմամբ լավագույն քաղաքացիական վերահսկողությունը կարող է իրականացնել զինծառայողի, հատկապես շարքային ժամկետային ծառայողի ընտանիքը»,- հավելեց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս տարվա ընթացքում նախատեսված է զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, նախարարն ասաց, որ նախատեսված չէ:
«Իհարկե, սպայական անձնակազմի աշխատավարձի վերանայման ուղղությամբ տարիների ընթացքում մեծ ճանապարհ ենք անցել, բայց, ակնհայտորեն, բավարար չէ: Պետք է անենք այնպես, որպեսզի ավելի բարձր սպայական կոչում ունեցող սպաները կարողանան ավելի լավ վարձրատրվեն, ինչը նաև կլինի հստակ մոտիվացիա մասնագիտական աճի համար»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԶՈՒ-ում նույն տարիքային խմբի տղամարդկանց մեջ ինքնասպանությունների թիվը գրեթե 4 անգամ պակաս է ԶՈՒ-ից դուրս տեղի ունեցող դեպքերից. նախարար
- Բանակի հետ կնքված պայմանագիրը պետք է կատարվի լիարժեքորեն, որակով, ճիշտ ժամանակին. Նախարար
- Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ նախընտրական շտաբը և 2018-ից հետո կառավարությանը ղեկավարելու մասին
- 200 միլիոնի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. նախարար
- Զինվորներն ունենալու են ավելի հարմարավետ կոշիկներ. Վիգեն Սարգսյան
- Մինչ ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք այն ավելի հարթ կազմակերպելու համար. Նախարար
- Վիգեն Սարգսյան. Առանց ուժեղ, կիրթ սպայական անձնակազմի մեր աշխատանքը չի լինի արդյունավետ