ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հայկական կողմի պարտությունն է. Ստյոպա Սաֆարյան
ԵԱՀԿ-ն, փաստացի, անզոր գտնվեց հասնելու նրան, որ Ադրբեջանը չկարողանա վետո դնել տարածաշրջանում միակ՝ Հայաստանում գործող ԵԱՀԿ գրասենյակի գործունեության վրա։ Սա, իհարկե, հայկական կողմի պարտությունն է։ Ցավալի է, բայց սա այլ կերպ անվանել չես կարող։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Մեր զրուցակիցն իր անհամաձայնությունը հայտնեց ՀՀ արտգործնախարարության այն պնդման առնչությամբ, թե Ադրբեջանը վերջին շրջանում հայտնվել է մեկուսացման մեջ։
«Հակառակը, այդ երկիրն այնքան է լկտիացել, որ իր իշխանությունը պարտադրում է նաև սեփական սահմաններից դուրս, այն էլ ՝ ԵԱՀԿ-ի նման կառույցին։ Իհարկե, այնպես չէ որ ԱԳՆ ոչինչ չի արել, բայց ակնհայտ է, որ դիվանագիտական աշխատանքը տարվել է սենյակներում և հնչեղություն չի ստացել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Վերլուծաբանը նկատեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հեռանկարի ֆոնին՝ միջազգային հանրությանը մեկ բան է մնացել՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես տարածաշրջանային զարգացումը կասեցնող պետության։
«Մյուս կողմից մտավախություն ունեմ, որ եթե պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանի անունը չի տրվում, և այդ անունը պարզաբանում է միայն Հայաստանի ԱԳՆ, նշանակում է՝ կամ Ադրբեջանին խնայում են, կամ նրանից զգուշանում ու վախենում են»,- ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հայտնի է դարձել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել՝ պայմանավորված Ադրբեջանի դիրքորոշմամբ։ Գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը ափսոսանք է հայտնել, որ «չնայած տևական և մեծ ջանքերին»՝ չի հաջողվել հասնել կոնսենսուսի Երևանում ԵԱՀԿ գրասենյակի «կարևոր աշխատանքի շարունակության» հարցում։
Իր հերթին Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Կրիստիան Վիգենինը նկատել է, որ Վրաստանում և Ադրբեջանում դաշտային առաքելությունների փակումից հետո Երևանի գրասենյակը ունի «և՛ խորհրդանշանական, և՛ գործնական կարևորություն, որը չի կարող անտեսվել»։ Նա հույս է հայտնել, որ մինչև վերջնական փակումը ընկած փուլում կհաջողվի փոխզիջումային լուծման հասնել, այնպես որ՝ երկիրը «շարունակի օգտվել առաքելության աջակցությունից»։