Ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել է 50 համայնք
Նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով առավել մեծ վնասներ են կրել Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևուտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, Հացաշեն, Կանչ, Հակո, Գետափ, Շիրակի մարզի Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ, Սառնաղբյուր, Բագրավան համայնքները, տուժել են նաև համայնքներ Վայոց ձորի մարզում:
Այս մասին հայտնում է ԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ փոխնախարար Աշոտ Հարությունյանն երեկ երեկոյան և այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ։
Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել է 50 համայնք, վնասվածությունը հիմնականում 50 տոկոսից բարձր է, որոշ վայրերում այն հասնում է մինչև 100 տոկոսի:
«Ոչ միայն նախօրեին, այլև մինչ այդ տարբեր մարզերում տեղի ունեցած կարկտահարության դեպքերից հետո կառավարությունում վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են վնասների չափերի հավաքագրման աշխատանքներով: Հաշվարկները կկատարվեն, ակտերը կներկայացվեն կառավարություն, որից հետո որոշում կկայացվի, սակայն 50 տոկոս և ավելի վնասներ ունեցող բոլոր հողօգտագործողների համար աջակցություն ցուցաբերելու մասով հիմնականում քաղաքականությունը նույնն է լինելու», - նշել է փոխնախարարը:
Աշոտ Հարությունյանը հավելել է, որ արդեն տարբեր մարզերում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից տարվում են աշխատանքներ՝ վարկերի մարման հետ կապված զիջումներ կատարելու ուղղությամբ, ընդ որում յուրաքանչյուր հողօգտագործողի նկատմամբ անհատական վերաբերմունք է ցուցաբերվելու:
Ուսումնասիրվում են նաև ոռոգման ջրի վարձավճարների, հողի հարկի զիջման հարցերը:
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի առանձին տնտեսություններում կարկտահարությունից 100 տոկոս վնաս է գրանցվել
- Նախորդ տարի կարկտահարությունը գյուղատնտեսությանը մոտ 34 մլրդ դրամի վնաս է պատճառել
- Կարկտահարության ռիսկերը սկզբունքորեն և որակապես պետք է նվազեցնենք. վարչապետ
- Կարկտահարության դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներ են մշակվում
- Կարկտահարություն՝ Շիրակի մարզի Նոր Կյանք, Մարմաշեն, Վահրամաբերդ և Մայիսյան համայնքներում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան