Ադրբեջանի արտաքուստ անսովոր, սակայն սպասելի քայլը
Ադրբեջանի իշխանությունները միջազգային ճնշումների ներքո կարծես թե փորձում են թոզ փչել միջազգային հանրության աչքերին ու մեղմել Ադրբեջանի սևացած միջազգային հեղինակությունը։
Մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերով հայտնի պետությունը միանգամից երկու քայլ կատարեց՝ արտաքուստ անսովոր, սակայն սպասելի՝ համաներում շնորհեց Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ու ազատ արձակեց երկրում միակ, անկախ, ընդդիմադիր լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևին, ում ձերբակալել էին օգոստոսի 28-ին։
Նշենք, որ Թուրան լրատվական գործակալության տնօրենը հայտնել էր, որ իր ազատ արձակման վերաբերյալ դիմել էր Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով փոխել իր պատժի միջոցը։
Երկու դեպքում էլ Ադրբեջանի իշխանությունների հասցեին լուրջ քննադատություններ հնչեցին ու միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հիշեցնում էին, որ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության 2017թ. մամուլի ազատության վարկանիշով Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 162-րդ տեղը։
Հետաքրքիր զուգադիպությամբ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրագրողական հետաքննությունը սկանդալային բացահայտումներ արեց Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ, որը լուրջ քննարկումների տեղիք տվեց ու միջազգային հեղինակավոր պարբերականները, ինչպիսիք են՝ «The Guardian»-ը, «Washington post»-ը, «BBC»-ն, «The New York Times»-ը, «Bloomberg»-ը, «Al-Jazeera»-ն, անդրադարձան այս միջադեպին ու հիշեցրին, որ Ադրբեջանը մարդու իրավունքների ոտնահարման առումով տխրահռչակ համբավ ունի։
Ինչ վերաբերում է Մեհման Ալիևի հետ կապված սկանդալին, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկեց պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ, ովքեր, ըստ ԱՄՆ Պետքարտուղարի հավաստի տեղեկությունների, կապ ունեն Ադրբեջանում վերջին անկախ լրատվական գործակալության՝ Թուրանի հիմնադիր Մեհման Ալիևի անօրինական կալանավորման հետ: Պատժամիջոցները նախատեսում են նախևառաջ ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ։
Նման իրավիճակում Ադրբեջանի իշխանություններին այլ ելք չէր մնում, քան փակուղուց դուրս գալու համար որևէ դրական քայլ իրականացնել ու փորձել բարելավել միջազգային հարթակում իր վարկանիշը։ Ամեն դեպքում՝ միջազգային ճնշումները տվեցին իրենց պտուղները։
Հեղինակ՝ Հրաչուհի Հայրապետյան
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Լապշինն ազատ արձակվեց միջազգային ճնշումների ներքո
- Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել
- Լապշինը կարող է գնալ ինչպես Իսրայել, այնպես էլ Ռուսաստան. Փաստաբան
- Արցախի ՄԻՊ. Լապշինի գործով Ադրբեջանն ակնհայտորեն ձախողվել է
- Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
- ԵԱՀԿ ԽՎ. Ադրբեջանն անհապաղ պետք է ազատ արձակի լրագրող Մեհման Հուսեյնովին
- ԵԱՀԿ-ն քննադատել է ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց