Ըստ իրավական դաշտի վիճակի՝ Թուրքիան 113 երկրներից 101-րդ տեղում է
Ամերիկյան «Համաշխարհային արդարության նախագիծը» (The World Justice Project) իր հերթական ամենամյա զեկույցն է հրապարակել՝ հիմնված 2017թ․ տվյալների վրա։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զեկույցում ընդգրկված 113 երկրների ցանկում Թուրքիան 101-րդ հորիզոնականն է զբաղցրել։ Նշենք, որ նախորդ տարվա զեկույցում Թուրքիան 99-րդ տեղում էր։
Իսկ Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանի 13 երկրների ցանկում այս երկիրը գրավել է վերջին հորիզոնականը, միջինից բարձր եկամուտներ ունեցող 36 երկրների ցանկում՝ 35-րդ հորիզոնականը՝ Վենեսուելայից առաջ։
Զեկույցի համար հիմք է ծառայել 110․000 ընտանիքների և 3․000 մասնագետների մասնակցությամբ անցկացված հետազոտությունը։ 194 էջանոց զեկույցում ուշադրություն է դարձվել իրավունքի գերակայությանն առնչվող 8 չափանիշների՝ պետական պաշտոնյաների իրավասությունների սահմանափակում, անօրինականության դեմ պայքար, «բաց» կառավարություն, հիմնարար իրավունքներ, կարգուկանոն և անվտանգություն, կարգավորող միջոցառումներ, քաղաքացիական իրավունք և քրեական իրավունք։
Այս 8 չափանիշներից Թուրքիայում հատկապես անբարենպաստ է պետական պաշտոնյաների իրավասությունների սահմանափակման վիճակը։ Ըստ այս չափանիշի Թուրքիան գրավել է 111-րդ հորիզոնականը, իսկ ըստ հիմնարար իրավունքների վիճակի՝ 107-րդ հորիզոնականը։
Այս երկու չափանիշների, ինչպես նաև քաղաքացիական և քրեական իրավունքի վիճակը, ըստ զեկույցի, վատթարացել է ընդհանրապես ողջ աշխարհում։ Հիմնարար իրավունքների ոլորտում վատթարացում է գրանցվել 71 երկրում, պետական պաշտոնյաների գործունեության վերահսկման ոլորտում՝ 64 երկրում։
Երկրների 34 տոկոսը հետընթաց է գրանցել, 29 տոկոսը՝ առաջընթաց, իսկ 37 տոկոսի մոտ փոփոխություն չի արձանագրվել։ Ամենամեծ հետընթացը գրանցել է Ֆիլիպինները՝ նահանջելով 18 հորիզոնականով և հասնելով 88-րդ հորիզոնականին։
Ցանկի առաջին տեղերում են Դանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, իսկ վերջին տեղերում՝ Աֆղանստանը, Կամբոջան, Վենեսուելան։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան