
Տպավորիչ ցուցանիշներով ենք սկսել նաև նոր տարին. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների պատվիրակությանը:Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ա. Հարությունյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները՝ շեշտելով, որ դրանք հնարավորություն են տալիս առկա հարցերի շուրջ արդյունավետ քննարկումներ կազմակերպել: Ա. Հարությունյանը նշել է, որ շնորհիվ ՀՀ իշխանությունների սրտացավ վերաբերմունքի՝ վերջին տասը տարիների ընթացքում Արցախում լուրջ հաջողություններ են արձանագրվել տնտեսության զարգացման և ժողովրդագրության իրավիճակի բարելավման ուղղություններում: Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել 2017թ.-ի Արցախի տնտեսական արդյունքների վրա՝ ընդգծելով, որ անցած տարիների ընթացքում իրականացված հետևողական քաղաքանության շնորհիվ արձանագրվել է ռեկորդային՝ շուրջ 15 տոկոս ՀՆԱ աճ:
«Տպավորիչ ցուցանիշներով ենք սկսել նաև նոր տարին: Այս տարվա հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը, 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են շուրջ երկու անգամ: Դա հնարավոր է դարձել ինչպես հանքագործական ոլորտից ստացված լրացուցիչ հարկային եկամուտների, այնպես էլ տնտեսության մյուս ճյուղերում արձանագրված հաջողությունների շնորհիվ»,- ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ պետնախարարն անդրադարձել է նաև առաջիկա տարիներին նախանշված մի շարք ծրագրերի՝ մասնավորապես, խոսելով ընդունվելիք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացման, հայրենադարձության խթանման և այլ ուղղությունների մասին: Պետնախարարի խոսքով՝ հատկապես լայնածավալ վերաբնակեցման ծրագրի իրականացումը շարունակում է լուրջ խնդիր մնալ, քանի որ դրա համար մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, և, առանց համահայկական աջակցության, Արցախի կառավարությունը չի կարող ունեցած սուղ միջոցներով արդյունավետ քաղաքականություն իրականացնել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և տնտեսության ընդհանուր վիճակին ծանոթացնելու համար՝ ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ շատ տպավորված են Արցախի տնտեսության բարձր աճի ցուցանիշներով, ինչը տեսանելի է արդեն բոլորի համար: «Եթե տասը տարի առաջ Հայաստանում մտածում էին Արցախին միայն օգնելու մասին, այսօր արդեն Արցախը դիտվում է որպես բարենպաստ բիզնես միջավայր: Հարկային մեղմ քաղաքականությունը, ժամանակակից ենթակառուցվածքները, բանկային զարգացած համակարգը լիովին վկայում են դրա մասին»,- ասել է Վ. Բաղդասարյանը:
Այնուհետև Ա. Հարությունյանը պատասխանել է խորհրդարանականներին հուզող հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ էկոնոմիկայի նախարար Լևոն Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր





