Թռչնաբանը բացատրում է՝ ինչու են գյուղում բազմաթիվ սարյակներ հավաքվել
Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում բազմաթիվ վարդագույն սարյակների հավաքվելը թռչնաբան Սիլվա Ադամյանը պատահական չի համարում: Նա կոչ է անում գյուղացիներին չսպանել թռչուններին:
«Եթե կենդանիների, թռչունների պոպուլյացիան ինչ-որ տեղ հավաքվում է, դա խոսում է տվյալ տարածքում խնդրի մասին: Այդ տարածքում ուրեմն միջատների մեծ քանակություն կամ նման վտանգ կա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:
Նա հիշեցրեց, որ հին Հայաստանում և Իրանում վարդագույն սարյակները համարվում էին սուրբ թռչուն:
«Հին ժամանակներում, երբ տարբեր երևույթները կապվում էին բնության ու աստծո հետ, մարդիկ տեսել են, թե ինչպես մորեխների կուտակումների ժամանակ այդ թռչուններն իրենց ու բերքը փրկել են բնական արհավիրքներից»,-բացատրեց մասնագետը:
Սիլվա Ադամյանը գյուղացիներին կոչ է անում հանդուրժող լինել: Ճիշտ է՝ թռչունները նաև բերքն են վնասում, բայց արհավիրքից են փրկում: Մեկ սարյակն օրական կարող է 2-3 հազար միջատ ոչնչացնել և ուտել:
«Բնակավայրում սարյակաների նման բազմությունը կարող է ահազանգ լինել, որ եգիտական կամ էլ իտալական մորեխների պոպուլացիահի վտանգ կա»,-մանրամասնեց նա:
Նա հիշեցրեց մի քանի տարի առաջ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում պատահածը: Վարդագույն սարյակներին մասայաբար սկսեցին սպանել, որսալ:
«Նրանք բերքն էին փչացնում, հասկանալի էր մարդկանց զայրույթը, գործողությունները: Մեր ՀԿ-ի ներկայացուցիչները եղան գյուղում, բացատրեցին, թե ինչ վտանգներ կարող են լիել, երբ սարյակների գաղութը ոչնչանա: Բայց անօգուտ, անկառավարելի որսը շարունակվեց, ողջ մնացածներն էլ հեռացան: Հաջորդ 2- տարիներին գյուղում երաշտ սկսվեց, քանի որ մորեխները գրավել էին դաշտերը»,-պատմեց Սիլվա Ադամյանը:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ Արագածավանում գյուղացիների կողմից սպանված թռչուններից մեկի ոտքին երկաթե օղակ է եղել՝ վրան գրված «Անկարա» ու ինչ-որ թվեր, ապա մասնագետը հանդարտեցրեց, վտանգավոր ոչինչ չկա, դա միջազգային պրակիկա է, որի միջոցով թռչնաբաները հետևում են թևավորների շարժին, միգրացիային, ուսումնասիրում նրանց կենսակերպը:
«Դա շատ տարածված պրակտիկա է, մենք էլ ենք երկու տարի շարունակ՝ 2014-2015 թվականներին արագիլների օղակավորում ենք իրականացրել: Թռչնաբանները, գիտական կազմակերպություններն ընդհանրապես ակտիվ ու մշտական կապի, շփումների մեջ են միմյանց հետ, փոխանակում են տեղեկատվություն: Օղակով մտահոգվելն, իմ կարծիքով, անգրագիտության դրսևորում է»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Անձրևները խնդիրներ են առաջացրել գյուղացիների ու բերքի համար
- Գյուղը կանգնեց, արագիլին փրկեց
- Արագիլները չվող տեսակ են, բայց դարձել են մշտակյաց. բնապահպան
- Սիլվա Ադամյան. Կրծողների թվի աճը պայմանավորված է թռչունների թվի կտրուկ նվազեցմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին