Մատարելլա. Անհրաժեշտ ենք համարում Իտալիայի և Հայաստանի գործընկերության էլ ավելի զարգացումը
«Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված է ասել, նոր Հայաստանում»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
«Մենք այսօր իրականացնում ենք կարևոր, պատմական ժողովրդավարական փոփոխություններ, հույս ունեմ, որ Ձեր այցի ընթացքում զգացել եք այդ փոփոխությունների ու լավատեսության շունչը: Բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի միջև առկա բարեկամությունը և պատրաստ ենք ջանքեր գործադրել երկկողմ կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Սերջիո Մատարելլան կարևորել է երկու երկրների համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:
«Մեր ժողովուրդներին միմյանց է կապում ամուր բարեկամությունը և մենք անհրաժեշտ ենք համարում Իտալիայի և Հայաստանի գործընկերության էլ ավելի զարգացումը»,- ասել է Իտալիայի նախագահը՝ հավելելով, որ հայ և իտալացի ժողովուրդները համարվում են հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ, ինչը հանդիսանում է երկկողմ կապերի խթանման լավ հիմք:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իտալիային այդ հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ և պատրաստ է շարունակել ջանքերը բանակցային գործընթացում:
Սերջիո Մատարելլան նշել է, որ այսուհետ ևս Իտալիան շարունակելու է իր հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում: Իտալիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և հավելել, որ այն միայն քաղաքական է:
Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումն ու ԼՂ հակամարտության կողմերի միջև ակտիվ երկխոսությունն ու խաղաղության մթնոլորտի ձևավորումը:
Հայաստանի վարչապետը և Իտալիայի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Սերջիո Մատարելլան վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Իտալիայի խորհրդարանում հնարավորինս շուտ վավերացվի Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը
- Իտալիայի նախագահը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում
- Իտալիայի նախագահն այցելել է Մատենադարան
- Հայաստանը կարող է միշտ հույս դնել Իտալիայի վրա. Սերջիո Մատարելա
- Այս այցը ամուր հիմքեր կստեղծի մեր համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
- Իտալիայի նախագահը ժամանեց Երևան
- Ինչու է Իտալիայի նախագահը Հայաստան ժամանում դստեր ուղեկցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան