Լենա Նազարյան. Արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը
«Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Նրա խոսքով, դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից:
Պատգամավորն ընդգծել է. «Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը: Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ: Այլ կոռումպացված քաղաքական ու տնտեսական քանդվող համակարգերի կազմալուծման խնդիր է դրված: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երևում գաղափարական կուսակցությունների պակասը և իրական դերը»։
Նշենք, որ այսօր Tert.am-ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրիա Զոհրաբյանը մասնավորապես ասել է. «Եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» և այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ–ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, և ինչ որոշում էլ, որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը, և որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է մեզ սպառնալ ժողովրդի մի հատվածով: «Կբերեմ, կճնշեմ և կքվեարկեք»։ Ո՛չ։ Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները։
Գիտեք՝ չի՛ կարելի։ Չի՛ կարելի գնալ այն արատավոր ճանապարհով, որի դեմ, իրենք, իբր, պայքարում էին։ Ինչ-որ արել էին ՀՀՇ-ն, Հանրապետականը, նույն բանն անում են իրենք»։
Երեկ էլ արտահերթ ԱԺ ընտրությունների մասին խոսել էր «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը։ Նա մասնավորապես նշել էր. «Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին։ Հո խնդիրը մենակ նրանում չէ, որ ով ձեզ հետ քայլել է, նա էլ պետք է լինի։ Եթե ուզում եք միայն ձեզ հետ քայլածներով իշխանություն ստեղծել, իրանց տեսակետն եք հաշվի առնում, միայն իրենցով եք ուզում Հայաստանը կառուցել, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք չեմ անդրադառնա։ Բայց դուք էլ այդ դեպքում մտածեք՝ ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց, որովհետև այն ուժերը, թվարկածս երկու ուժը, խմբակցության մնացած 4 անդամներն էլ կանգնած են եղել ձեր կողքին, հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք։ Հիմա նայում եմ, այդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք՝ ինչ անենք, բա ոնց եք այս խնդիրը լուծելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին. Արամ Սարգսյան
- ԱԺ նախագահը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը