Եվ զանգող դատավորը, և զանգ ստացողը պարտավոր են ԲԴԽ-ին տեղյակ պահել զանգի մասին. Գագիկ Հարությունյան
«Իրականության մեջ այսօր դատավորներն ավելի անկախ են, քան՝ նախկինում բոլոր մեխանիզմներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե բազմաթիվ դատավորներ վճիռներ կայացնելիս զանգում են և փորձում ուղղորդումներ ստանալ։
«Ես շատ կցանականայի, որ ցանկացած պաշտոնյա նման հայտարարություններ անելիս նաև օրենքի պահանջը հաշվի առնի՝ եթե որևէ մեկը զանգում է կամ ինքն է զանգում, պետք է Բարձրագույն դատական խորհրդին այդ մասին տեղեկացվի, որպեսզի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված իր գործառույթը՝ և նրանց նկատմամբ, ովքեր զանգել են, և նրանց նկատմամբ, ում զանգում են»,- ասաց ԲԴԽ նախագահը։
Նրա խոսքով, ելնելով ընդհանուր խոսակցություններից, իրենք փորձում են ինչ-որ բան պարզել։
«Բնականաբար, բոլորը հրաժարվում են, ասելով՝ թե իրենք որևէ զանգ չեն արել։ Բայց, ինչպես ասում են՝ «ծուխն առանց կրակի չի լինում։ Հնարավոր է՝ ինչ-որ մակարդակում, ինչ-որ մեկը, ինչ-որ զանգ արել է։ Դա դատապարտելի երևույթ է, հակաօրինական է, հակասում է Դատական օրենսգրքի ու ապրիլի 12-ին ԲԴԽ-ի կողմից ընդունված որոշման պահանջին։ Եվ զանգողը, և զանգ ստացողը պարտավոր են Բարձրագույն դատական խորհրդին տեղյակ պահել դրա մասին, որպեսզի մենք կարողանանք համապատասխան վերաբերմունք արտահայտել», - հայտարարեց Գագիկ Հարությունյանը։
Լրագրողի հարցին, թե Փաշինյանի այդ հայտարարություններից հետո ԲԴԽ-ն չի՞ փորձել կապ հաստատել նրա հետ, հասկանալ՝ ովքեր են զանգողները, Հարությունյանը պատասխանեց. «Հայտարարություններից հետո մենք որևէ ձևով լիազորություն չունենք ծառայողական քննություն իրականացնելու։ Խնդիրն այն չէ, որ մենք ծառայողական քննություն իրականացնենք, քանի որ օրենքը հստակ պահանջում է, որ ԲԴԽ-ն պետք է տեղյակ լինի այդ մասին»։