Թարգեք այդ մշակույթը, ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից ժառանգություն է. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստում հայտարարեց, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշման նախագիծը միտված է նրան, որ շուտով Երևանը դառնալու է աղբահանության երկրորդ օպերատոր:
Նրա խոսքով՝ դեռևս 2016 թվականին Եվրոպական ներդրումային բանկն ուսումնասիրություններ է իրականացրել՝ հստակ ընդգծելով, որ Նուբարաշենի աղբավայրը ի վիճակն աղետալի է: Բացի այդ, ըստ նրա, Երևանում կա խնդիր աղբամանների կոտրման ու այրման հետ, որոնց մի մասը կոտրվել է հենց հեղափոխության ընթացքում:
«Այսօր էլ շարունակում են աղբամաններ կոտրել, այսինքն, խնդիրներ ունեցող մարդը կարող է գիշերով դուրս գալ ու այրել մի քանի աղբաման ու դա կրի պարբերական բնույթ: Քաղաքապետարանը պե՞տք է որևէ մեկին սաստի այդ աղբամանները կոտրելու կամ այրելու համար, թե դա մասնավոր գույք է, համայնքի ենթակայության տակ չէ: Երբ վաղը դուք կունենանք այդ աղբամանները՝ դողդողալով պահելու եք: Սա համայնքի կողմից թափթփված վերաբերմունք է»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունն առաջինն է բարձրաձայնել «Սանիթեք»-ի թերացումների մասին:
«Հիմա վեց ամիս շարունակ բանակցել եք «Սանիթեք»-ի հետ, Դուք անընդհատ շեշտել եք, որ քննարկումների փուլում եք: Ինչի՞ մասին եք քննարկել: Հրապարակեք, թե ինչի՞ մասին են քննարկումները, ես չեմ կարող մեկ ամիս սպասել, որ ինչ-որ մեկը բարեհաճի ինձ պատասխանել»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմելով նրան՝ ասաց, որ որն էր նրա հարցը: «Խնդրում եմ լղոզելու մեխանիզմը չշարունակեք»,- արձագանքեց Թեհմինա Վարդանյանը, սակայն քաղաքապետը նորից կրկնեց. «Մեկ հարց տվեք պատասխանեմ»:
Դրանից հետո «Լույս» խմբակցության անդամը լրագրողներին կոչ արեց ֆիքսել, որ քաղաքապետը խուսափում է պատասխաններից, ինչն առաջացրեց քաղաքապետի, «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների ծիծաղը:
«Այստեղ իրոնիայի բան չկա, դուրս եկեք այս մանկապարտեզի տարիքից, հարգելի գործընկերներ»,-ասաց Թեհիմա Վարդանյանը:
Նա նշեց, որ ավագանու անդամը մեկ հարցի իրավունք ունի և հորդորեց հասկանալի ձևակերպել հարցը:
«2,3,4, 5 լղոզված հարց եք տալիս, մարդ չգիտի՝ որին պատասխանի: Նորից եմ ասում, որ բոլոր պրոցեսները թափանցիկ են, և մեր հանրությունը գիտի: Դուք չէ, որ դրա մասին պետք է տեղեկացնեք, հանրությունը շատ խելացի է և հասկանում է ամեն ինչ»,-ասաց քաղաքապետը:
Անդրադառնալով աղբավայրին՝ Հայկ Մարությանը նշեց, որ նոր աղբավայր են կառուցում, դա մեծ ծրագիր է՝ 26 մլն եվրոյի չափով, որից 10 մլն-ը դրամաշնորհ է. «Ինչ վերաբերում է աղբահանությանը, մենք գնում ենք նրան, որ աղբահանության հարցը լուծվի: Ցավոք սրտի, երբ նոր ավագանու կազմը հաստատվեց, Երևանն արդեն մեծ խնդիրներ ուներ, որոնք սահմաններից անցել են: Մենք սա ստացել ենք որպես ժառանգություն և լուծումը տալիս ենք, բոլոր մանրուքները հաշվի առնելով գնում ենք խնդիրների լուծմանը»:
Ինչ վերաբերում է աղբամաններին, քաղաքապետն ասաց, որ դրանց անվտանգությունն ապահովելը ոստիկանության գործառույթն է:
Նա նաև նշեց՝ եթե Թեհմինա Վարդանյանը ելույթ ունենար դատարանում, ապա մարդիկ կմտածեին, որ նա «Սանիթեքի» ներկայացուցիչն է և պաշտպանում է իրենց շահերը:
«Ի՞նչ է նշանակում «Սանիթեք»-ի իրավաբանն եք, պաշտպանն եք, ես Ձեզ թույլ չեմ տվել ինձ նման բանում մեղադրել, ասեք՝ ինչի՞ մասին է եղել Ձեր քննարկումները, բանակցությունները «Սանիթեք»-ի հետ: Թարգեք այդ մշակույթը, որ արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից ժառանգություն է, մի քիչ ամոթ է, հերիք է, արդեն 7 ամիս է քաղաքային իշխանություն եք, մի բան էլ Դուք արեք»,- արձագանքեց Թեհմինա Վարդանյանը:
Հայկ Մարությանը նրան կրկին կոչ արեց մնալ կոռեկտության սահմաններում:
Նշենք նաև, որ Երևանի ավագանին ընդունեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը: Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարությանը վստահեցնում է՝ մաքուր Երևան ունենալու ճանապարհին են
- Դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ. Դավիթ Խաժակյանը՝ Երևանի քաղաքապետին
- Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան