Արմավիրի Այգևան գյուղում բերքը «լրիվ ավերվել է»
Նախօրեին Արմավիրի մարզի Այգևան գյուղում շուրջ 5 րոպե կարկուտ է տեղացել։ Գյուղացիները մեծ վնասներ են կրել։ Այսօր նրանք հավաքվել էին Արմավիրի մարզպետարանի մոտ՝ պահանջելով հանդիպում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Panorama.am-ը Այգևանի գյուղապետ Հրաչյա Հովհաննիսյանից տեղեկացավ, որ այգիները, մշակաբույսերը «լրիվ ավերվել են»։
«Գյուղացիների գնահատմամբ, 100 տոկոսով վնասվել է, բայց վնասված բերքը, որ մնում է, դա իրենք հաշվում են։ Հանդիպում էին ուզում մարզպետի հետ՝ հասկանալու, թե ինչպես է իրենց վնասները հատուցվելու։ Մարդիկ վարկեր են վերցրել, պետք է վճարեին բերքից ստացած եկամտով, ապրեին»,- ասաց գյուղապետը։
Նրա խոսքով, քանի որ այսօր ոչ աշխատանքային էր, մարդ չկար մարզպետարանում, զանգել են, եկել է գյուղվարչության պետը։ Ասել են, որ երկուշաբթի նախարարությունից հանձնաժողով կգա, կուսումնասիրի։
Հ. Հովհաննիսյանն ասաց, որ իրենց գյուղում հակակարկտային կայան չկա, թեև պահանջ ներկայացրել են։
«Հարևան գյուղերում կա, որ կրակում են, այդ ամպերը գալիս, հավաքվում են մեր գյուղի վրա։ Նախկինում, երբ այդ կայանները չկային, մեր գյուղում հազիվ 15 տարին մեկ էր կարկուտ գալիս, բնական պաշտպանվածություներ ուներ»,- նշեց գյուղապետը։
Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ակցիայի մասնակիցները, որոնց ինքը միացել էր ավելի ուշ, արդեն վերադարձել են գյուղ։ Այժմ գյուղապետարանի աշխատակազմով ման է գալու բոլոր դաշտերով ու այգիներով, ցուցակագրելու, մինչև երկուշաբթի գան հանձնաժողովի անդամները։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունիում տեղացած կարկուտի հետևանքով ամբողջովին ոչնչացվել են համայնքի ցանքատարածքներն ու այգիները
- Ուսումնասիրություններ են իրականացվում կարկուտից տուժած համայնքներում վնասի չափը պարզելու համար
- Կարկուտը վնասել է Տավուշի մարզի 8 գյուղերի ցանքերն ու պտղատու ծառերը
- Ամեն ինչ արվում է, որ կարկուտը գա, դաշտերը ջարդի, վերջում գան ասեն՝ կառավարություն, դե փոխհատուցի. վարչապետ
- Կարկուտ՝ Էրեբունիում
- Կարկուտից տուժած գյուղացիներին կփոխհատուցեն կանխիկ գումարով. նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց