Արթուր Ղազինյան. Հարցերին չպատասխանելու դեպքում կհայտարարեմ, որ ԱՆ-ն ցուցաբերում է անպատասխանատու վերաբերմունք
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն արձագանքում է արդարադատության նախարարության հայտարարությանը, որով պաասխանել էին իր պնդմանը։ Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը երեկ ամենայն պատասխանտվությամբ հայտարարել էր, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հայեցակարգը մշակվել է Հայաստանից դուրս։
«Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդում է, որ «ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2019 - 2023 թվականների ռազմավարությունը» մշակվել է բացառապես ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում:
Այս պնդումն առավել համոզիչ դարձնելու և փարատելու շրջանառվող հիմնավոր կասկածներն առ այն, որ նշված Ռազմավարության իրական հեղինակները օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող միջազգային կազմակերպություններն են, հորդորում եմ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին պատասխանել ստորև ներկայացված հարցերին և տրամադրել հայցվող տեղեկատվությունը:
1. Հաշվի առնելով այն փաստը, որ «ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2019 - 2023 թվականների ռազմավարությունը» ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխման համար ունի հիմնարար և կենսական նշանակություն, այն պետք է մշակվեր ՀՀ Վարչապետի կամ փոխվարչապետի որոշմամբ/հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։
Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ տեղեկացնել, ստեղծվե՞լ է արդյոք այսպիսի հանձնաժողով, թե ոչ:
Եթե այո, ապա խնդրում եմ ներկայացնել այդ հրամանի պատճենը և այդ հանձնաժողովի կազմը, լիազորություններն ու աշխատակարգը։
2. Ելնելով կատարված աշխատանքի ծավալից ու բովանդակությունից, և հաշվի առնելով ՀՀ-ում նման կարգի ռազմավարությունների մշակման պրակտիկան, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության, գիտա-ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ստեղծվել է արդյո՞ք Ռազմավարությունը մշակող աշխատանքային խումբ, թե ոչ:
Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել նշված աշխատանքներն խմբի ստեղծման մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանի պատճե և հրապարակել աշխատանքային խմբի կազմը։
3. Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպվել ե՞ն արդյոք հանրային քննարկում ապահովող միջոցառումներ, մասնավորապես կոնֆերանսներ, կլոր սեղաններ, սեմինարներ, թե ոչ:
Եթե կազմակերպվել են, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե ովքեր են եղել այս միջոցառումների կազմակերպիչներն ու հիմնական բանախոսները, երբ և որտեղ են դրանք անցկացվել, ինչպես նաև խնդրում եմ ներկայացնել այդ միջոցառումներին հրավիրված կազմակերպությունների և անձանց ամբողջական ցանկը։
4. Խնդրում եմ բացատրել և պարզաբանել այն, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված Ռազմավարության մեջ տեղ գտել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ին հրապարակված «Հայաստանի վերականգնման հայեցակարգում» տեղ գտած սկզբունքները, բաժինների անվանումները, օգտագործված բառակազմի և բառամթերքի կրկնությունն ու ճշգրիտ համընկնումները։
5. Խնդրում եմ նաև ներկայացնել սույն Ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցած ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների անուններն ու զբաղեցրած պաշտոնները, նրանց աշխատանքի համակարգման և կազմակերպման համար պատասխանատու աշխատակցի անունն ու զբաղեցրած պաշտոնը:
Խնդրում ենք նաև տեղեկացնել, թե երբ են սկսվել և ավարտվել նշված Ռազմավարության մշակման աշխատանքները:
Վերը նշված փաստաթղթերի ամբողջական և համալիր հետազոտման արդյունքում միայն հնարավոր կլինի հաստատապես պնդել,որ Ռազմավարությունը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հիմնված է և ծառայում է ՀՀ ազգային և պետական շահին:
Հայցվող տեղեկատվության չտրամադրման և առաջ քաշված հարցերին չպատասխանելու դեպքում ինձ իրավունք կվերապահեմ հայտարարել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ կենսական ազգային և պետական շահ ներկայացնող հարցերի նկատմամբ ցուցաբերում է անպատասխանատու վերաբերմունք:
Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ.Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակվել է նախարարությունում
- Ղազինյան. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դատական բարեփոխումների հայեցակարգը Հայաստանում չի մշակվել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան