Հակագազով ցուցմունք կորզելու գործով որևէ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել
Համացանցում տարածված խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութում երևացող մարդկանցից որևէ մեկին մինչև օրս մեղադրանք չի առաջադրվել, սա ցինիզմի գագաթնակետն է, չունի ոչ իրավական, ոչ բարոյական բացատրություն: «Հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութ․ ո՞ր փուլում է քրգործը» թեմայով ասուլիսում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:
«Խոսքը չորս հոգու մասին չէ, այլ հինգ: Հինգերորդը նկարել է, այսինքն իմացել է այդ հանցագործության մասին ու չի հայտնել: Ունենք 5 մեղադրյալ, սակայն այսօր որևէ մեղադրյալ չկա»,- նշեց նա:
Իրավապաշտպանի խոսքով, արդարադատություն իրականացնող մարմիններում վերջին մեկուկես տարում որևէ փոփոխություն, որևէ շարժ չի եղել. «Չի եղել ոչ մի փոփոխություն, բացառությամբ 1-2 բարձր պաշտոնյաներ, որոնք նախկինում նույնպես աշխատել են այդ նույն կառույցներում: Ընդունված կարգ է՝ ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ ցուցմունք չեն տալիս: Վատ ավանդույթ է»:
Տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին, անձը բերման է ենթարկվել գողության մեղադրանքով:
«Բազմաթիվ սենյակներ են տուժողին մտցրել, խոշտանգել, ի վերջո ցուցմունք են կորզել, որ այդ գողությունն այդ անձն է կատարել, ինչի համար դատապարտվել է»,- նշեց փաստաբանը:
Ա. Ղարագյոզյանն ասաց, որ հարուցված է քրեական գործ ՔՕ 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 2-րդ մասով, Հատուկ քննչական ծառայությունը տուժող ճանաչելու որոշում է կայացրել, երկու անգամ հարցաքննվել է:
«Տուժող կողմը մտահոգված է՝ երկար ժամանակ է, որ վարույթ իրականացնող մարմինն առնվանզ նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար տվյալներ ձեռք բերեր, այդ անձանց մեղադրանք առաջադրեր»,- նշեց պաշտպանը:
Նա ասաց, որ խոշտանգման գործերի նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում:
Տուժողի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանն ասաց, որ երեք օր ծեծել են այդ մարդուն, սուտ հոդվածքով մարդը դատվել է, սակայն դատախազը, դատավորը, որոնք դատել են նրան, հիմա հանգիստ պտտվում են: Նա նշեց, որ այսօր այդ մարդը կրկին դատապարտված է թմրանյութերի գործով, սակայն կարծում է, որ արդար դատ չի եղել, բոլոր կասկածներն ունի, որ մեղադրանքը կեղծ է:
Հարակից հրապարակումներ`
- «Մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» տեսանյութից հետո ժամանակավորապես դադարեցվել են Ճամբարակի բաժնի պետ լիազորությունները
- Նախապատրաստվում են նյութեր` ոստիկանների կողմից խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ
- Հակագազով ու ծեծով ցուցմունք կորզելու տեսանյութի վերաբերյալ ոստիկանությունում ստուգումներ են իրականացվում
- ՄԻՊ. Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան